«Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ դադարեցվել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները: Պաշտոնական պատճառը դատավորի առողջական խնդիրներն են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական համակարգից Օհանյանի հեռանալը պատահական չէ. «Սասնա ծռերի» գործը քննող դատավորն իսկապես ունեցել է առողջական խնդիրներ: Բայց հրաժարականի դիմումը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Օհանյանը մինչ այդ զբաղեցրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Եվ այն բանից հետո, երբ Երևանի դատարանները միավորվեցին` դառնալով մեկ ընդհանուր իրավասության դատարան, Օհանյանը ցանկացել է դառնալ միավորված դատարանի նախագահ, բայց չի ստացվել. այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Վարդազարյանը: Դրա համար էլ Օհանյանը որոշեց դուրս գալ համակարգից:
«Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ արդեն նախկին դատավոր Արթուր Օհանյանի հայրը՝ Ռադիկ Օհանյանը, մոտ երեք տարի է՝ մեղադրյալի աթոռին է՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումների գործով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել