Armtimes.com-ը գրում է.

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նախաքննության ընթացքում հարցաքննվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Այս մասին տեղեկացանք երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարկված փաստաթղթերից:

Դեպքից հետո հրազենային վիրավորում ստացած Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն եւ սույն գործով ամբաստանյալ, քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահը՝ Արմեն Գասպարյանը (Բդո) փորձել է ճշտել, թե Մուշեղյանը մահացել է, թե ոչ: Այդ հարցով նա դիմել է գործով վկա Միսակ Միրիջանյանին, որն էլ ասել է, որ զանգահարել է «Կոլյային» (Խոսքը Նիկոլայ Դալլաքյանի մասին է,-հեղ.), բայց նա չի վերցրել հեռախոսը:

Ինչ վերաբերում է սույն գործով ամբաստանյալ, Նորատուսցի Ալիկի թիկնապահ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին, ապա երեկ մեղադրող դատախազը դատարանում հրապարակեց  «Ինտերպոլի» ազգային բյուրոյից վարույթն իրականացնող մարմնին ուղարկված պատասխանը ՝Արմեն Գասպարյանի վերաբերյալ: Հրապարակումից առաջ մեղադրողն ասաց, որ այդ փաստաթղթի պարունակած տեղեկատվությունը կարող է բնութագրական լինել Ա. Գասպարյանի համար: Ըստ այդ փաստաթղթի՝ Արմեն Գասպարյանը Ռուսաստանում կասկածվել է ՌԴ Կիսելյովսկ քաղաքում գործող հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ՝ խմբավորումը զբաղվել է շորթմամբ: Հետագայում հենց ՌԴ-ն էլ իր հարցումը Արմեն Գասպարյանի վերաբերյալ հանել է օրակարգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել