Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը:

Նա հստակեցրել է, որ դիվանագետներին մեկ շաբաթ է տրվում երկրից հեռանալու համար: Դա դիվանագետների ամենամեծ արտաքսումն է ավելի քան 30 տարվա ընթացքում:

Թերեզա Մեյի խոսքով՝ դիվանագետները ռուսական գաղտնի հետախուզության աշխատակիցներ են:

Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Նա նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մեյը հավելել է, որ կարող են ձեռնարկվել նաև այլ քայլեր, որոնք չեն հրապարակվի:

Նա «ողբերգական» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ գործել նման կերպ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել