Համաշխարհային ճանաչում ունեցող գենետիկներից մեկը հայտնել է, որ կարող է և պատրաստվում է նեանդերթալյան մարդու ԴՆԹ-ն վերստեղծել: Դրա համար անհրաժեշտ է կամավոր կին, ով կօգնի մեր՝ վաղուց վերացած նախնիներին կրկին կյանք տալ: Նեանդերթալյան մարդը Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչ է, ով ապրել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի արևմտյան հատվածներում:

Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորջ Չարչը հայտնել է, որ նեանդերթալյան մարդու գենետիկական կոդի ուսումնասիրումը` արված ոսկորների նմուշների հիման վրա, բավականին լի է արդեն, որպեսզի հնարավոր լինի նրա ԴՆԹ-ն վերականգնել:

Այսօր միակ բանը, որ հարկավոր է անել, խիզախ կին գտնելն է, ով «կծնի» փոքրիկ քարանձավային մարդ:

Գիտնականը նախատեսում է նեանդերթալյան մարդու ԴՆԹ-ի արհեստականորեն ստեղծումը կատարել՝ հիմնվելով գենետիկական կոդի վրա, որը հայտնաբերվել է գտածոների մնացորդներից, այնուհետև նա կտեղադրի այդ ԴՆԹ-ն ցողունային բջիջներում:

Այն կտեղադրեն մարդկային սաղմի մեջ կյանքի վաղ փուլում: Համարվում է, որ ցողունային բջիջները կուղղորդեն հիբրիդային սաղմի զարգացումը նեանդերթալացու գծով, այլ ոչ հասարակ մարդու:

Այն բանից հետո, երբ սաղմը մի քանի օրվա ընթացքում կմեծանան լաբորատորիայում, այն կտեղադրեն փոխնակ մոր արգանդում:

Պրոֆեսոր Չանչը կարծում է, որ նեանդերթալյան մարդու կրկնօրինակը մարդկությանը միայն օգուտ կբերի:

Բացի այդ՝ նա վստահեցնում է, որ նեանդերթալյան մարդիկ շատ խելացի են եղել: «Նեանդերթալացիներն այլ կերպ էին մտածում, և հնարավոր է, որ ավելի խելացի էին, քան մենք ենք: Եթե խոսքը վերաբերում է համաճարակներին կամ նրան, թե ինչպես լքել մոլորակը, ապա նրանց մտածողությունը կարող է մեզ օգուտ բերել»,- հայտնել է գենետիկը:

Չնայած որ գիտնականները կարծում էին, որ այս ամենը տեսականորեն հնարավոր է, նեո-նեանդերթալացիները դիմադրողականություն չեն ունենա ժամանակակից հիվանդությունների նկատմամբ և չեն կարողանա գոյատևել. տարատեսակ նոր արատներ ի հայտ կգան:

Նեանդերթալյան մարդիկ, ինչպես և ժամանակակից մարդիկ, պրիմատների խմբին են պատկանում: Ապրել են շուրջ 50 000 - 300 000 տարի առաջ:

Անատոմիապես նեանդերթալյան մարդիկ ավելի կարճահասակ էին, քան ժամանակակից մարդիկ, ավելի հաստ ոսկրեր, ամուր ոտքեր ու ձեռքեր ունեին: Ճակատը նեղ էր, հոնքերը՝ արտահայտված, իսկ կզակը գրեթե չէր երևում: Նրանց ուղեղն անհամեմատելիորեն ավելի մեծ էր, քան մերը:

Շատերի մոտ կարծրատիպ կա, որ նեանդերթալյան մարդիկ մազոտ, «անկարող» վայրենիներ էին: Սակայն նոր գտածոները ստիպում են նոր բաներ բացահայտել նրանց մասին:

Նրանք այնպիսի վարքագիծ էին դրսևորում, որն օգնում էր մեծ զարգացում ապրել. կարողանում էին բարդ գործիքներ օգտագործել, կրեատիվ մտածողություն ու խոսք ունեին, արվեստի պարզագույն գործեր էին ստեղծում: Նրանք լավ որսորդներ էին և ապրում էին ոչ մեծ ընտանիքներով, շփվում էին հարևանների հետ:

Շուրջ 30 000 տարի առաջ նեանդերթալյան մարդիկ ոչնչացան: Միևնույն ժամանակ ժամանակակից մարդիկ առաջացան 40 000 տարի առաջ, որը  մրցակցություն էր ստեղծել ռեսուրսների համար: Այդ պայքարում նեանդերթալացիները պարտություն տարան:

Արդյոք տեղի ունեցե՞լ է նեանդերթալյան մարդկանց ու ժամանակակից մարդկանց խաչասերում: Գիտնականները պարզել են, որ նեանդերթալացիների մի մասը մեր ԴՆԹ-ում է «մնացել»՝ գենետիկական մատերիալի շուրջ 1-4 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել