168.am-ը գրում է.
Փետրվարի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։
Դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս հայտնեց, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում:
Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձան Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին:
Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։
Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսեց արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։