««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտե­րի տրամադրման գործընթացը: Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագ­րողի հետ զրույցում հայտնել է, որ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը դադարեցվել է ժամանակավորապես: «Մր­ցույթ է հայտարարվել, և այս պահին այն գործընթացում է: Խնդրանք քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ հարցին: Մոտ երկու-երեք ամսից կշարունակվի ID քարտերի տրամադրումը»,- նշել է պաշտոնյան:
 
Նկատենք, որ ստեղծված իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար առողջապահական համա­կարգի վերջին նորամուծությունների հետ կապված: Բանն այն է, որ նույնականացման քարտերն արդեն պարտադիր գործում են առող­ջապահության ոլորտում, էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգին միացած հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում քաղաքացիներին գրանցում են բացառապես նույնականացման քարտի առկայությամբ (շուտով նաև ատամնաբույժի մոտ գնալիս պար­տադիր կլինի այն):
Ու ստացվում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ քարտերից, հիվանդանալու, հետևաբար նաև դե­ղատուն գնալու, դեղ գնելու իրավունք պարզապես չունեն: Թեև վիզաների վարչության պետ Բիչախչյանը պնդում էր, որ առողջապա­հության նախարարությունը էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար պահանջվող նույնականացման քարտե­րի պարտադիր ներկայացնելու պահանջը հետաձգել է մինչև սեպտեմբերի 1-ը, բայց մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ պո­լիկլինիկաներում մարդկանցից միայն ID քարտ են ուզում` գրանցելու համար:
 
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր ՀՀ-ում նույնականացման քարտ ունի ավելի քան 970 հա­զար քաղաքացի, ու սա այն դեպքում, երբ ՀՀ մշտական բնակչությունը պաշտոնական տվյալներով 2 մլն 972.9 հազար հոգի է: Այսինքն՝ ավելի քան 1 մլն մարդ այս պահին ID քարտ, հետևաբար նաև հիվանդանալու և ամենակարևորը՝ բուժվելու իրավունք չունի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել