168.am-ը գրում է

Ճապոնիայի փոստը մարտի 12-ին ձեռնամուխ է եղել Տոկիոյի կենտրոնի փողոցներում անվարորդ ավտոմոբիլների փորձարկումներին, որոնք մոտ ապագայում կսկսեն առանց վարորդի փոխադրել ծանրոցներ, նամակներ եւ այլ առաքումներ:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են այդ գերատեսչության մամուլի ծառայությունում, հատուկ վերափոխված Toyota Estima միկրոավտոբուսը մինչեւ մարտի 16-ը ինքնուրույն երթեւեկություն կիրականացնի 2 կիլոմետր երթուղով։

«Այդ ուղին միացնում է Տոկիոյի գլխավոր երկաթուղային կայարանի մերձակա կենտրոնական փոստատունը եւ Գինձա կենտրոնական թաղամասի սովորական փոստային բաժանմունքը»,- ասել է Ճապոնիայի փոստի ներկայացուցիչը:

Ներկայիս փորձարկումների առանձնահատկությունն այն է, որ անվարորդ ավտոմոբիլը պետք է հաստատի մեծ քաղաքի չափազանց լարված փողոցներով անվտանգ երթեւեկելու՝ իր ունակությունը: Այդ ավտոմեքենաների ներդրումը կապված է Ճապոնիայում աշխատուժի, մասնավորապես, վարորդների աճող պակասի հետ: Ճապոնիայի փոստի անվարորդ ավտոմոբիլների հավաքակայանն, ինչպես հայտնել են ՏԱՍՍ-ին, պետք է լրիվ ծավալով սկսի աշխատել 2020 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել