Armtimes.com-ը գրում է.

2013-2017թթ․ Թուրքիայից զենքի արտահանման ծավալները նախորդ հինգ տարիների համեմատ աճել են 145 տոկոսով։ Այս մասին է վկայում Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցը, հայտնում է Ermenihaber-ը։

Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում զենքի արտահանումը կենտրոնացած է մի քանի արևմտյան երկրների ձեռքում։ Իսկ արևելքում զենքի արտահանմամբ աչքի ընկնող երկրների ցանկում, բացի Թուրքիայից, տեղ են գտել նաև Իսրայելը և Հարավային Կորեան։

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ հատկապես  վերջին տարիներին ռազմական գործողությունները հաճախակի են դարձել, զենքի վաճառքի ծավալները կրկնակի աճել են։ Զենքի հիմնական մատակարարներն այստեղ ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն են, իսկ տարածաշրջանում զենքի ամենախոշոր ներկրողը Սաուդյան Արաբիան է։

2013-2017թթ․ ընթացքում Սաուդյան Արաբիան 225 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է ներկրել, քան նախորդ հնգամյակի ընթացքում։ Այս երկիրը զենքի երկրորդ ամենախոշոր ներկրողն է՝ աշխարհում՝ զիջելով միայն Հնդկաստանին։

Զեկույցից հայտնի է դարձել, որ աշխարհում վաճառվող զենքի մեկ երրորդը մատակարարում է ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ից արտահանվող զենքի ծավալները վերջին հնգամյակում աճել են 25 տոկոսով, իսկ այդ սպառազինության ուղիղ կեսն ուղղվել է դեպի Մերձավոր Արևելք։

Աշխարհի առաջատար զենք արտահանողների ցանկում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։ Այս երկրները մատակարարում են աշխարհում վաճառվող զենքի 74 տոկոսը։ SIPRI-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում վերջին հինգ տարում զենքի վաճառքի ծավալներն աճել են 10 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել