Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի Քարաբյութ նահանգի Սաֆրանբոլու զբոսաշրջային կենտրոնի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի փողոցներն ու պողոտաներն անվանափոխել Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողություններում օգտագործվող զենքերի անուններով:

Ըստ Ermenihaber-ի՝ անվանափոխությունների գործընթացն արդեն սկսված է: Ըստ այդմ՝ քաղաքի փողոցներն ու պողոտաները վերանվանվում են թուրքական արտադրության «Աթաք» ռազմական ուղղաթիռի, «Ջիրիթ» հրթիռի, «Ալթայ» տանկի ու «Անկա» անօդաչու թռչող սարքերի ու այլ զինատեսակներ անուններով:

Ըստ Սաֆրանբոլուի քաղաքապետ Ֆաթիհ Ուրքմեզերի հայտարարության՝ անվանափոխումների պաշտոնական հիմնավորումը դրանցից շատերի անունների կրկնության հանգամանքն է: «Այդ անունները տրվել են՝ ոգեշնչվելով «Ձիթենու ճյուղ» օպերացիայից ու տեղական արտադրության զենքերից»,- ասել է քաղաքապետը:

Նշվում է, որ քաղաքի գլխավոր պողոտաներից մեկն էլ վերանվանվել է հենց «Ձիթենու ճյուղ»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի, ապա` ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ հունվարի 20-ին ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30 կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել