Tert.am-ը գրում է.

C-400-ների գնման ռուս-թուրքական գործարքին ԱՄՆ-ը հնարավոր է արձագանքի սպառազինության նախագծերի հետ կապված Թուրքիայի հետ համատեղ ծրագրերի արգելափակմամբ: Այս մասին Tert.am-ին հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը երեկ հայտարարել է, որ Թուրքիայի հետ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիրը կյանքի կկոչվի 2020 թվականի սկզբից:   

Հիշեցնենք նաև, որ անցած տարեվերջին Մոսկվան և Անկարան ավարտել էին ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը. ստորագրվել էր 2.5 միլիարդ դոլարի վարկային համաձայնագիր:

«Ի դեպ, ես համոզված չեմ, որովհետև որքան էլ հայտարարվում է, որ C-400-ի հետ կապված գործարքը վերջնական է, այն, այդուհանդերձ, դեռ հարցականներ ունի:

Բայց եթե իրականանա, ինչը Թուրքիայի ամենամեծ ձգտումն է, բնականաբար թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ ՆԱՏՕ-ի կողմից հակազդեցությունը չի ուշանալու: Իրենց պարբերաբար զգուշացումներ արվում են՝ նաև ինչ-որ առումով հետևանքների հետ կապված, բայց Թուրքիան այս հարցում այլընտրանք չունի, որովհետև իր արտաքին քաղաքականությամբ պայմանավորված՝ պետք է ինքնուրույնության գնա. իր խնդիրը ազգային ինքնուրույն հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումն է: Բնականաբար, ՆԱՏՕ-ն էլ միշտ զգուշացրել է, որ այդ համակարգերը չեն ինտեգրվի Հյուսիսատլանտյան դաշինքի միասնական համակարգին: Այնպես որ, սա պետք է դիտարկել իր քաղաքական բաղադրիչի մեջ»,-ասաց թուրքագետը:

Նա, ընդգծելու համար, թե որքան կարևոր են այս համակարգերը Թուրքիայի համար, նկատեց, որ Թուրքիան 10 տարուց ավելի է՝ փորձում է այդ խնդիրը լուծել, ինչի համար սկզբում համաձայնություն էր ձեռք բերվել Չինաստանի հետ (այդ թվում նաև համատեղ արտադրություն հիմնելու), սակայն սա հետագայում չեղյալ հայտարարվեց, և նոր հայտարարված մրցույթի արդյունքում գործարքն իրականացվեց Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում:

Սրանով, ըստ Լևոն Հովսեփյանի, Թուրքիան ՆԱՏՕ-ին մշտապես հասկացնել է տվել, որ եթե ՆԱՏՕ-ի ձևաչափում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում չի կարողանում լուծել իր համար գերկարևոր՝ ռազմավարական կարևորության այս հարցը, ապա ունի այլընտրանքային հնարավորություն՝ հանձին Ռուսաստանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել