Tert.am-ը գրում է.

Ի սկզբանե ձևավորվելով որպես արտաքին միջամտությամբ ներքին զինված հակամարտություն՝ ժամանակի ընթացքում այն վերածվեց միջազգային բարդագույն հիմնախնդրի. այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սիրիական պատերազմին, որի 7 տարին լրանում է մարտի 15-ին։  

«Հակամարտության տարբեր փուլերում տարածաշրջանային, աշխարհաքաղաքական դերակատարների համար Սիրիայի տարածքը վերածվեց մրցադաշտի: Այս հիմնախնդիրն անցած 7 տարիների ընթացքում անցել է մի քանի շրջափուլ, որոնք դրսևորվել են ինչպես ռազմական սրացումներով, այնպես էլ դիվանագիտական բավական լուրջ գործընթացներով, որոնք, սակայն, դրական վերջնարդյունքի չեն հանգեցրել»,-ասաց նա:

Նա այս համատեքստում կարևորեց նաև հակաահաբեկչական պայքարը, որն այս հակամարտության առանցքային բաղադրիչներից մեկն է և իրավական և մարդասիրական հիմքեր է ստեղծել աշխարհաքաղաքական դերակատարներին հակամարտությանն ավելի լայն մասշտաբով ներգրավելու համար:

«Բայցևայնպես պետք է փաստել, որ այս հակամարտությունից ամենից շատ տուժողը հենց խաղաղ բնակչությունն է, որն ամեն օր առերեսվում է հակամարտության հետևանքով առաջացած անվտանգային, մարդասիրական, կենցաղային խնդիրների հետ»,-ասաց նա և բարձրաձայնեց նաև փախստականների խնդիրը:

«Արդեն ընթացիկ տարեսկզբից սիրիական հակամարտությունը թևակոխել է որակապես նոր փուլ, որը դարձյալ դրսևորվում է հատկապես ռազմական իրավիճակի թեժացմամբ, որն անցած տարվա կտրվածքով էականորեն մեղմվել էր: 2018 թվականը սկսվել է ռազմական ակտիվ զարգացումներով. այդ իրավիճակը սրվում է բոլոր այն ճակատներում, որտեղ առկա է սահմանագիծ հակամարտության տարբեր կողմերի միջև»,-ասաց նա:

Արմեն Պետրոսյանը նկատեց, որ եթե մինչև 2016 թվականը Թուրքիան հանդես էր գալիս հակաասադական` ընդդիմադիրներին աջակցող ճամբարում, ապա 2017 թվականից համագործակցելով Իրանի և Ռուսաստանի Դաշնության հետ՝ հայտնվել է այլ ճամբարում. «Ակնհայտ է դարձել Թուրքիայի բազմակողմանի միջամտությունը սիրիական հակամարտությանը»։

Արաբագետը նշեց, որ թեև իրավիճակը ներկայում սրվել է, սակայն չկա որևէ կենսունակ դիվանագիտական հարթակ, որը կարող է հանգուցալուծում առաջարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցում, և դրան գումարած՝ միջազգային տարբեր դերակատարների միջև շահերի բախումը հասել է լարվածության հնարավոր ամենաբարձր մակարդակին, ինչը ևս թույլ է տալիս կանխատեսել, որ մոտալուտ հանգուցալուծման մասին ենթադրելու լուրջ հիմքեր չկան:

«Հակամարտության գրեթե բոլոր դերակատարների հարաբերությունները սրվել են, ինչը թույլ է տալիս Սիրիայի տարածքում ռազմական իրավիճակի թեժացում, ճգնաժամի նոր ակտիվացում կանխատեսել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել