գուգլGoogle: Այն համարվում է իմ ամենասիրած ընկերություններից մեկը, ինչի համար խորացված ուսումնասիրել եմ նրանց, որն էլ ցանկանում եմ ներկայացնել հետագա գրառումներում: Նշեմ, որ Google-ի մասին ընդամենը մեկ գրառում ներկայացնելը հավասար է նրան, կարծես ոչինչ չասել նրա մասին, ուստի կներկայացնեմ Լարրի Փեյջի ու Սերգեյ Բրինի մասին հետաքրքիր մանրամասներ, որոնք իսկապես մոտիվացնող են, Google –ի 2:1 կառավարման մոդելը, նրանց կադրային քաղաքականությունն ու զարգացման մեթոդները: Դե ինչ, նշեմ, որ հնարավոր է 8 մասից ավել լինեն գրառումները, ուստի հետաքրքիր նյութերը դեռ առջևում են:

Google-ի ամենամեծ հաջողությունն այն է, որ մարդիկ նրանից կարողանում են օգտվել անվճար ու առանց գրանցման: Սա իսկապես շատ մեծ առավելություն է, քանի որ անգամ գրանցումն է շատերին նյարդայնացնում: Ի տարբերություն բազմաթիվ ընկերությունների, որտեղ ղեկավարությունը սկզբից մշակում է ռազմավարությունն ու նոր անցնում ապրանքի մշակմանը, Google-ում հակառակն է` սկզբում մշակվում է ապրանքը, այնուհետև թիմով սկսում են մտածել, թե ինչպես այն դարձնեն եկամտաբեր: Այո, թիմով, այլ ոչ թե միայն ղեկավարները, ինչպես սովորաբար լինում է բազմաթիվ ստանդարտ ընկերություններում, քանի որ այստեղ հաշվի է առնվում յուրաքանչյուրի կարծիքն ու խոսքը:

Google-ի առաջին էջում Դուք երբեք գովազդ չեք տեսնի, քանի որ դա հարմարավետության համար է, այսինքն` եթե հավաքեք Yahoo.com և Google.com, ապա կհամոզվեք, թե ինչու եմ այդպես ասում: Նախ նշեմ, որ Google-ի առաջին էջի դատարկ լինելը կապված է մի պարզ հանգամանքի հետ, որն էլ հետագայում նրա հիմնադիրները չխախտեցին: Google-ի առաջին էջի նման դատարկ լինելու պատճառը նա էր, որ այդ ժամանակ նրա ստեղծողները չգիտեին կայքի դիզայն պատրաստելու ձևը: Մի քիչ զարմանալի է, բայց փաստն այն է, որ ընկերները չգիտեին ամենապարզ html ծրագրի մի քանի տարրեր, դրա համար բաց մնաց էջի դիզայնը, ինչի համար միգուցե բոլորն էլ ուրախ են:

Ընկերության բոլոր աշխատակիցները բաժանված են թիմերի, որոնց նվազագույն քանակը երեքն է, և նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի իր ժամանակի 20%-ը տրամադրել սեփական հետաքրքրություններին: Այս մեթոդը Լարրի Փեյջը վերցրել էր Սթենֆորդի համալսարանի սկզբունքներից, որտեղ թույլ են տալիս յուրաքանչյուր պրոֆեսորի շաբաթվա մեջ 1 օր ծախսել սեփական գաղափարների իրականացման ու հետաքրքրությունների վրա: Google-ի մյուս առանձնահատկությունն այն է, որ այստեղ չկան միջին օղակի մենեջերներ, ինչի հաշվին տեղեկատվությունն ավելի արագ է տարածվում, և որոշում կայացնողների քանակն իսկապես կրճատվում է:

Սակայն այս ամենը մի կողմ, քանի որ ես կրկին նշում եմ` յուրաքանչյուր ընկերության կարևորագույն ռեսուրսը, կարելի է ասել ամենաթանկը, մարդկային կապիտալն է, ուստի Google-ն այս հարցում մրցակիցներ գրեթե չունի: Նա իրենից ետ է թողել բոլորին, քանի որ այստեղ են հավաքվում բոլոր տաղանդավոր մասնագետները, ում աշխատանքն իսկապես գնահատվում է: Պատկերացնու՞մ եք, մասնագետները Google են տեղափոխվում տարբեր համալսարաններից, ինչպես նաև այնպիսի գիգանտներից, ինչպիսիք են NASA-ն, Bell Labs-ը, Microsoft-ը, Amazon-ը, քանի որ ցանկանում են աշխատել այն դինամիկ ու աշխույժ միջավայրում, որը ստեղծում է Google-ն իր աշխատակիցների համար: Մեջբերում եմ` Ձեր բարեկեցությունը կախված է Ձեր աշխատակիցների բարեկեցությունից, հարգելի ընթերցողներ, ուստի միշտ կառավարման կանոնների մեջ այս տողերին շատ մեծ ուշադրություն դարձրեք:

Google բառն այնքան մեծ տարածում է գտել մեր շրջանում, որ արդեն Օքսֆորդի բառարանում «to google» բառ է հայտնվել, որը նշանակում է գուգլել կամ փնտրել: Ես նման այլ բրենդի անվանում չեմ լսել, որ ընդգրկվի բառարանում և նշանակի կոնկրետ գործողություն: Այս ամենը կարելի է բնութագրել այսպես, որ Google-ն արդեն իսկ մտել է համաշխարհային մշակույթի մեջ: Միակ բրենդն է, ով նման մակարդակի հասավ այն պարագայում, երբ դեռ 15 տարեկան էլ չկա: Հետաքրքիրն այն է, որ նրա ստեղծողներն անգամ չգիտեին, թե վերջնական ինչ տեսք ու նպատակ է ունենալու իրենց նախագիծը:

1998 թվականին Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը Yahoo-ին առաջարկեցին գնել Google-ը 1 մլն դոլարով, սակայն Ջերրի Յանգը` Yahoo-ի հիմնադիրը, դիտարկեց այն որպես ոչ հեռանկարային, արդյունքում 2005 թվականին Google-ն արժեր 80 մլրդ դոլար, որի տարեկան եկամուտները կազմում էին 1.5 մլրդ դոլար:
Արդյունքում քանի գիշեր չի քնել Ջերրի Յանգը:

Ինչևէ, գրառման արդեն երկրորդ հատվածում կներկայացնեմ Լարրի Փեյջի ու Սերգեյ Բրինի մասին, որն իսկապես մոտիվացնում է և մարդու մեջ առաջացնում է ցանկություն ուղղակի հասնել ու ձգտել ավելիին:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել