Վարչապետի անունը շարունակում է գաղտնի պահվել մի քանի հանգամանքներից ելնելով։ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է գաղտնի պահել, թե ինչով է զբաղվելու իր լիազորությունների ավարտից հետո, իսկ քանի դեռ նա անուն չի տվել, Հայաստանի վերլուծական քաղաքական միտքը շարունակում է ենթադրություններ անել, որովհետև այլ բան անելու ո՛չ իմաստ, ո՛չ էլ հնարավորություն ուղղակի չկա։

Եվ ուրեմն՝ ինչու է լռում Սարգսյանը։ Հայաստանի նման երկրներում իշխանության, համակարգի փոփոխությունը նախևառաջ նշանակում է մեկ բան՝ տնտեսական բլոկի, ասել է, թե՝ հնարավորությունների վերաբաշխում։ Մասնավոր կապիտալը պետք է հստակ իմանա իր տեղն ու դերը պետության ներսում, պետք է իմանա իր կարգավիճակը, իսկ պետությունը, հանձին իշխանության, պետք է կարգավորի այս երկու ինստիտուտների միջև փոխհարաբերությունները, հստակեցնի խաղի կանոնները։ Տվյալ պարագայում, ի տարբերություն նախորդ դեպքերի, հստակ չէ, թե ով է ձևավորելու իշխանությունը, ով է լինելու իշխանության ղեկին։ Նախորդ դեպքերում հայտնի էր իշխանության կրողի անունը, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից անցում Ռոբերտ Քոչարյանի, Քոչարյանից անցում Սերժ Սարգսյանի։ Հայտնի էր իշխանության կրողը, իշխանության գլխավոր դեմքը, հայտնի չէին, սակայն, նրանց մոտեցումները, և մասնավոր սեփականատերերը պետք է իրենց հարաբերությունները կարգավորեին հենց իշխանության համար առաջին սուբյեկտների հետ։ Հիմա չկա հենց այն միակ կրողը, հետևաբար չկան նաև այն հստակեցումները, որով պետք է կարգավորվեն հետագա կառավարման իրավահարաբերությունները։

Եթե Սարգսյանը հիմա անուն տա, ապա հարվածի տակ է դնում նախ՝ գործող կառավարության աշխատանքի արդյունավետությունը, այսինքն՝ լինելու են մարդիկ, ովքեր գալիք կառավարությունում պարզապես տեղ չեն զբաղեցնելու կամ առնվազն չեն վերանշանակվելու։ Սակայն նույնիսկ այդ դեպքում լինելու են մարդիկ, որոնք դուրս են մնալու հաջորդ կառավարությունից։ Այնպես որ, լռությունն ունի նաև իր պատճառները, դրանք հենց այնպես չեն արվում։ Բնականաբար, եթե գործեին քաղաքական ինստիտուտները, ապա անձերն այնքան կարևոր դեր չէին կատարի, ինչքանով որ կարևոր են հիմա։ Սակայն քանի դեռ չունենք քաղաքական հստակ ինստիտուտներ, Հայաստանում որոշումները կայացվելու են սպոնտան, հնարավորինս փակ ու հասարակությունից գաղտնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել