Անցյալ շաբաթվա ընթացքում Եգիպտոս այցելած Սաուդյան Արաբիայի առաջին գահաժառանգ Մուհամմադ իբն Սալմանն իր բնորոշմամբ «չարի եռանկյունում» ներառել է Իրանը, Թուրքիան և կրոնական անջատողական խմբավորումները: Եթե Թեհրանի և ծայրահեղականների հանդեպ սաուդյան գահաժառանգի վերաբերմունքը պարզ է, ապա Թուրքիայի հարցում նման բնորոշումը բավական ուշագրավ է. թուրքական իշխանությունները մեղադրվել են «Օսմանյան կայսրության անկումից հետո վերացված խալիֆայությունը վերականգնելու փորձի մեջ»:

Ակնհայտ է, որ անգամ սաուդյան ապագա միապետի հիմնավորման մեջ Էր Ռիադն Անկարային դիտարկում է որպես լրջագույն մրցակից արաբամուսուլմանական աշխարհում «առաջնորդի» համար ընթացող մրցապայքարում, իսկ Թուրքիային մեկտեղելով Իրանի և ծայրահեղականների հետ միևնույն առանցքում՝ գնահատում Էրդողանի վարչակարգին ոչ թե որպես մրցակից, այլ, աներկբայորեն, որպես հակառակորդ, անգամ՝ թշնամի:

Թուրքական իշխանությունների հանդեպ սասուդյան թագավորական ընտանիքի նման վերաբերմունքն էլ, ըստ էության, բավական հիմնավորված է, քանի որ Անկարան իր գործելաոճով այսօր բավական լուրջ խնդիրներ և խոչընդոտներ է առաջացնում Էր Ռիադի համար այնպիսի կարևոր հիմնախնդիրներում, ինչպիսիք են Կատարի ճգնաժամը, սիրիական հակամարտությունը, պաղեստինյան հիմնախնդիրը և այլն, որոնց շրջանականերում, հատկապես համագործակցելով Թեհրանի հետ և աջակցելով Սաուդյան Արաբիային հակառակորդ տարբեր դերակատարներին (համապատասխանաբար՝ Կատարի գործող իշխանություններին, սիրիական թուրքամետ խմբավորումներին, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին) էականորեն թուլացնում է Սաուդյան Արաբիայի դիրքերը և տապալում նրա նկրտումները տարածաշրջանում դոմինանտ դիրքերի հասնելու հարցում:

Վերոնշյալի համատեքստում կասկածից վեր է, որ Էր Ռիադ-Անկարա ուրվագծվող թշնամանքը հավելյալ բարդություններ է առաջացնելու Մերձավոր Արևելքում տևական ժամանակ ծխացող և մոտալուտ հանգուցալուծման որևէ հիմքեր չունեցող խրթին հիմնախնդիրերի հետ կապված հետագա զարգացումներում՝ առավել սրելով քաղաքական, ռազմական և մարդասիրական իրավիճակը ողջ տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել