Tert.am-ը գրում է.

Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հայտարարությունը, թե Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ, ձևական, ֆորմալ բնույթի է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը՝ շեշտելով, որ շոշափելի զարգացում առաջիկայում չի լինի: 

Ըստ Լուկյանովի՝ Հայաստանի և Եվրամիության մտերմությունը հայ-ռուսական հարաբերությունների հաշվին չէ: 

Ֆյոդոր Լուկյանովը նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը որակապես տարբերվում է Ասոցացման համաձայնագրից, որը չստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև: 

«Հայ-եվրոպական հարաբերությունները չեն կարող ազդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, որովհետև ստորագրված փաստաթղթում չկան նման բաղադրիչներ, որոնք կխոչընդոտեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Իսկ ինչո՞ւ այդ դեպքում չընդլայնել հարաբերություններն այն ծավալով, որով չենք խանգարում Հայաստանի ստանձնած պարտավորություններին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- նշեց վերլուծաբանը: 

Վերլուծաբանը նշեց, որ Եվրոպական միությունը յուրահատուկ դրության մեջ է և որոշ իմաստով նման հայտարարությունները ձևական բնույթ են կրում: 

«ԵՄ-ն ճգնաժամի մեջ է և ուզում է իր գործընկեր երկրներին լավատեսական տրամադրություններ փոխանցել: ԵՄ-ն թաթախված է իր ներքին խնդիրներով և չեմ կարծում, որ առաջիկա տարիներին վերականգնումից բացի այլ գործառույթներով զբաղվի: Եվրամիությունը չունի հեռահար նպատակներ, ինչպիսին կային 10 տարի առաջ: Չեմ կարծում, թե ԵՄ ու ՀՀ հարաբերություններում շոշափելի զարգացում կարող է լինել»,- շեշտեց վերլուծաբանը: 

Ֆյոդոր Լուկյանովն ասաց, որ Եվրամիության ինտրովերտությունն ստիպում է իրենց ցույց տալ, որ իրենք կան, որ իրենք զարգանում են, որ չեն կորցրել իրենց ազդեցիկությունը, ինչը կատարվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների շնորհիվ: 

«Մերձավոր Արևելքում Եվրամիությունը չկա, գոյություն չունի, որպես խաղացող ԵՄ-ն այնտեղ անելիք չունի ոչ մի ֆորմատով: Դրա համար այնտեղ, որտեղ կարելի է առանց զոհաբերությունների, առանց լուրջ աշխատանքի ցույց տալ, թե կա ընդլայնում, կա զարգացում, նրանք դա անում են, ինչո՞ւ ոչ: Նրանց շահավետ է ցույց տալ, իմիտացիա անել, որ կա համագործակցություն, կա գործընթաց»,- ասաց Ֆյոդոր Լուկյանովը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել