Մ. Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք: Վրաստանի դասերը Ուկրաինայի ապագայի համար» գիրքը ֆաստ ֆուդի նման մի բան է` համով, բայց որակը՝ խիստ կասկածելի: Գիրքը կարդացի մեկ շնչով, 24 ժամվա ընթացքում: Ի դեպ՝ առաջին դեպքն է, երբ բնօրինակով (ռուսերեն) չեմ կարդում, և պետք է նշեմ, որ թարգմանիչը շատ լավ է աշխատել: Հատուկ շնորհակալություն իմ վաղեմի ընկեր Մանուկ Սուքիասյանին` «Յանկի» փաբում շնորհանդեսից հետո գիրքը նվիրելու համար:

Տպավորություններիս մասին.

• Սաակաշվիլին գրքում իրեն ներկայացնում է ոչ թե ամերիկյան լակեյի, այլ հաճախ ամերիկացիներին դեմ գնացող, սեփական սկզբունքները ամեն ինչից վեր դասող գործչի դերում: Ստում է, առանց ամերիկացիների թույլտվության նա նույնիսկ ջուր չէր խմում:
• Ոչ մի տողով չի խոսում միլիարդավոր դոլարների հասնող ամերիկյան գրանտների մասին, որով նա մի շարք հաջող բարեփոխումներ է իրականացրել: Տպավորություն է, թե ռեֆորմների փողը Վրաստանի խուլ գյուղերի բնակիչներն են տվել կամ փողերն օդից էին կաթում:
• Երդվյալ անտիսովետչիկ ու երդվյալ լիբերալ, դեմոկրատական արժեքների համար մեռած Սաակաշվիլու համար նախագահներ Ժ. Շիրակը, Ն. Սարկոզին, կանցլեր Ա. Մերկելը քըխ են, իսկ կանցլեր Գ. Շրյոդերը` ԿԳԲ գործակալ, բայց Ռ. Էրդողանը` հիանալի մեկը, մի հրաշք անձնավորություն, մի հրաշք առաջնորդ: Երդվյալ դեմոկրատն ու անտիսովետչիկը հիացած է Իլհամ Ալիևով և ուշ շրջանի սովետական նոմեկլրատուրայի մարմնացում Հեյդար Ալիևով:
• Ըստ Սաակաշվիլու` Ամերիկայում կարգին մարդիկ էին միայն Սորոսը, Բուշ Կրտսերն ու Դ. Ռամսֆելդը, իսկ 2008թ. ԱՄՆ ՊՆ Ռ. Գեյթսը, հետո նախագահ Օբաման` իր վարչակազմով, Պուտինից սարսափած մարդիկ էին, Բուշ Ավագի խորհրդական Բ. Սկոուտֆորդի դպրոցի հետևորդներ: Ռ. Գեյթսը Բուշին տեղեկանք էր տվել, որ չի կարելի ռազմական հարված հասցրել Ռուսաստանին, իսկ դա, ըստ Սաակաշվիլու, վախկոտություն էր:
• Ըստ Սաակաշվիլու` 2008-ի օգոստոսին Վրաստանը հաղթեց պատերազմում, որովհետև ռուսներն այդպես էլ չգրավեցին Թբիլիսին` կանգնելով 15 կմ հեռավորության վրա գտնվող Ախալգորիում: Դա նույնն է, որ Ադրբեջանում ասեն, թե արցախյան պատերազմում իրենք են հաղթել, որովհետև հայերն այդպես էլ Բաքուն չգրավեցին:
• Օգոստոսյան պատերազմի մասին Սաակաշվիլին ակնհայտորեն ստում է` բառ անգամ չասելով քնած Ցխինվալի ուղղությամբ հրթիռահրետանային կրակ բացելու իր հրամանի մասին, որով էլ, ըստ էության, սկսվեց պատերազմը: Ի դեպ՝ այս փաստը ֆիքսված է միջազգային փաստաթղթերում, որը Սաակաշվիլին անարդար է համարում:
• Իր երբեմնի համախոհներ Ն. Բուրջանաձեին քաղքենի ու կոռուպցիոներ է անվանում, իսկ Զ. Ժվանիային` հոմոսեքսուալիստ: Սա շատ բան է ասում Սաակաշվիլու բարոյական կերպարի մասին:
• Ըստ Սաակաշվիլու` Արևմտյան Եվրոպայի ղեկավարները վախկոտ լոխեր են, իսկ Լեհաստանի ու մերձբալթյան երկրների ղեկավարներն իսկական Ռեմբոներ են, մարդկության ապագայի մասին միակ մտահոգ ղեկավարները:
• Ըստ դեմոկրատական իդեալների համար մեռած Սաակաշվիլու` Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան և մերձբալթյան պետությունները բնական դաշնակիցներ են ընդդեմ Ռուսաստանի և պետք է ամեն ինչ անեն, որ իրենց կողմը քաշեն աշխարհի ամենապուպուշ երկիր Թուրքմենստանին (իր հիանալի թուրքմենբաշիով), որ Ռուսաստանին զրկեն Արևմտյան Եվրոպային էներգակիրներ վաճառելու հնարավորությունից` դրանով ամրապնդելով ազատությունն ու ժողովրդավարությունը Եվրոպայում:
• Իր նախագահության շրջանի ամենամեծ բացթողումը համարում է այն, որ մեկ միլիոն (!) թուրքերի (իբր վրացական ծագմամբ․ Էրդողանն էլ, ի դեպ, վրացական ծագում ունի) քաղաքացիություն չի շնորհել` ականջալուր լինելով անվտանգության կառույցների հորդորներին:

Գրքում Սաակաշվիլու մտքի ամենամեծ գոհարն այն է, որ Ուկրաինայի ապագան նա տուրիստական ձևաչափով է տեսնում: Պատկերացրեք մի պահ, Ուկրաինան պետք է ապրի տուրիզմով: Ինքնաթիռաշինության ու ծանր արդյունաբերական գիգանտը, եվրոպական ամենամեծ երկիրը պետք է դառնա տուրիստական երկիր, երևի ի նկատի ունի` բորդել բաց երկնքի տակ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ուկրաինայի ապագայի շուրջ «մեծն ռեֆորմատորի» պատկերացումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել