Նա Հիտլերի կյանքի խորհրդավոր մասն էր, որի մասին աշխարհը չի իմացել Երրորդ Ռեյխի գոյության երկար տարիների ընթացքում:

Այսօր Եվա Բրաունի կենսագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նացիզմի անհայտ լեդին հակապատկերն էր այն կնոջ, որին Ադոլֆ Հիտլերն իդեալական էր համարում:

Հայտնի գերմանացի պատմաբան Հայկե Հերտեմակերը իր «Եվա Բրաուն. կյանքը Հիտլերի հետ» գրքում Եվային նկարագրում է որպես մի կնոջ, ով հավատարիմ և անկախ մտածող էր, ինչը ոչ մի կերպ չէր համապատասխանում այն կնոջ կերպարին, որին իր հրապարակումներում Հիտլերն իդեալական էր համարում:

Եվան միակ կինն էր, բացառությամբ նրա մոր, ով կարողացել էր դիպչել Հիտլերի հոգուն, և որի հետ նա ամուսնացավ պատերազմի վերջին օրերին:

Ծնված լինելով 1912 թ.՝ Եվան 23 տարով փոքր էր այն տղամարդուց, ում նա գայլ էր անվանում (կեղծանուն, որով Հիտլերը հայտնի էր իր նացիստ ենթակաների շրջանում): Նա Հենրիխ Հոֆմանի օգնականն էր: Հենրիխը լուսանկարիչ էր, ով հայտնի և հարուստ դարձավ շնորհիվ այն բանի, որ ֆյուրերի անձնական օպերատորը դարձավ: Հիտլերի հետ Եվան հանդիպել է 1929 թ.:

Հերտեմակերը գրում է այն մասին, թե ինչպես կապուտաչյա շիկահերը կարողացավ ինչ-որ բան շարժել Հիտլերի քարացած սրտում: Կնոջ անհատականությունը, գրավչությունը և անկախությունն էին, որ գրավել էին ֆյուրերին: Հիտլերն ու Եվան միասին մահացան 1945 թ. ապրիլի 30-ին Բեռլինում:

Իր գրքի 350-րդ էջում հեղինակը գրում է. «Նա ամբողջապես այլ էր, տարբերվում էր: Այնպիսին չէր, ինչպիսին նրան նկարագրում էին: Նա կամակոր էր, սակայն առանձնանում էր դիկտատորի նկատմամբ իր ունեցած լիարժեք հավատարմությամբ»:

Եվան վարում էր կենսակերպ, որն ամբողջովին հակասում էր Երրորդ Ռեյխի վերաբերյալ ֆիլմերում արված նկարագրություններին: Նա ո՛չ տնային տնտեսուհի էր, ո՛չ մայր, ո՛չ էլ, ըստ էության, ցանկանում էր այդպիսին դառնալ: Նա ավելին չէր, քան պարզապես ֆյուրերի գրավիչ կողակից:

Ինչպես նշվում է գրքում, Եվայի հետ Հիտլերն այլ կյանք էր կառուցել՝ հեռու պատերազմներից, ցեղասպանություններից: Հիտլերը կնոջը դարձրել էր տան օջախի պահապանը, իսկ ինքն իրեն պահում էր ինչպես հասարակ, լարված աշխատանքային օրվանից հետո հանգստանալ ցանկացող տղամարդ:

Վերջերս Գերմանիայում ևս մի գիրք լույս տեսավ, որում խոսվում է Հիտլերի վատ առողջության մասին, ով հատուկ դեղամիջոցներ էր ընդունում Եվայի հետ ինտիմ հանդիպմանը պատրաստվելու համար: Իր ողջ կառավարման ընթացքում Հիտլերը նշել է, որ իր միակ հարսնացուն Գերմանիան է:

Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Եվայի գոյությունը գաղտնիք էր բոլորի համար՝ բացառությամբ մարդկանց խիստ նեղ շրջանակի: Ի դեպ՝ գաղտնիքը չէր բացահայտվում բավական երկար ժամանակ՝ արդեն պատերազմական գործողությունների ավարտից հետո անգամ:

Գերմանական Spiegel ամսագիրն այս գիրքն անվանել է «հիմար շիկահերի կերպարի առաջին արդարացված և ճշգրտված կենսագրությունը զանգվածային մարդասպանի ֆոնին»: Հերտեմակերն իր գրքում միայն ճշգրիտ տեղեկություններ է ներկայացրել, որոնք փաստաթղթային հիմքեր ունեն կամ ապացուցվել են վկաների կողմից:

Մի անգամ, երբ 1938 թ. Եվան տեսել է բրիտանական վարչապետ Նևիլ Չեմբերլենի՝ իր մյունխենյան բնակարանի բազմոցին նստած լուսանկարը, բղավել է. «Եթե միայն նա իմանար այս բազմոցի պատմությունը»: Բնականաբար, խոսքը գնում էր Եվայի և «Գայլի» սիրո ֆիզիկական կողմի մասին:

Նույն տարում Հիտլերը հայտնել է, որ, որպեսզի ոչինչ չպատահի, Եվան պետք է նացիստական ֆոնդերից օգնություն ստանա մինչև կյանքի վերջը: Հիտլերի կողմնակիցներից մեկը՝ Յոզեֆ Գեբելսը, ով Հիտլերի հետ միասին նույն օրն է մահացել, գրել է. «Եվան խելացի աղջիկ է, ով մեծ նշանակություն ունի ֆյուրերի համար»:

Հիտլերից բացի՝ Եվան նաև սիրում էր ճարտարապետությունը, և ինչպես նշվում է գրքում, ակտիվ մասնակցություն էր ունենում Հիտլերի՝ հարազատ Լինցը Ռեյխի գեղարվեստական մայրաքաղաք դարձնելու ծրագրին:

1932 թ.՝ հոր մահից հետո, Եվան փորձել է ինքնասպան լինել: Եթե դա նրան հաջողվեր, ապա կդառնար Հիտլերի երկրորդ մտերիմ կինը, ով ինքնասպանություն գործած կլիներ: Հիտլերի զարմուհի Հելի Ռաուբալը ևս ինքնասպան էր եղել Հիտլերի մյունխենյան բնակարանում 1931 թ.:

Եվան երկրորդ անգամ փորձել է ինքնասպան լինել 1935 թ.՝ քնաբեր հաբեր ընդունելով: Այս պատահարը, ըստ գրքի հեղինակի, շատ մտերմացրեց նրան ֆյուրերի հետ: «Եվան մինչև մահը հավատարիմ էր ամուսնուն և այդ հավատարմությունը կյանքում ամեն ինչից վեր էր դասում»,- գրում է Հերտեմկերը:

«Միայն իմ հովվաշունն ու տիկին Բրաունն են ինձ հավատարիմ. նրանք միայն ինձ են պատկանում»,- պատերազմի վերջում ասել է Հիտլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել