Բազմաթիվ հիվանդություններ արտահայտվում են վառ նշաններով, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Բայց գոյություն ունեն նաև նշաններ, որոնց մարդիկ մեծ նշանակություն չեն տալիս, սակայն դրանք կարող են վկայել լուրջ խնդիրների առկայության մասին։ Fabiosa.com-ը ներկայացրել է 8 անհանգստացնող նշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։

Ալարկոտության զգացում ողջ օրվա ընթացքում։ Եթե ժամանակին եք քնում, բայց առավոտյան դժվարությամբ եք արթնանում, ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն զգում, իսկ մտերիմները բողոքում են, որ նաև խռմփացնում եք, պատճառը կարող է ապնոեն լինել՝ շնչառության ժամանակավոր դադարը։

Այս խնդիրը սովորաբար ուղեկցվում է նաև այլ նշաններով՝ կենտրոնանալու խնդիրներ, գլխացավ, քնկոտություն։ Քանի որ ապնոեն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, կաթվածների և այլ խնդիրների զարգացման հավանականությունը, խորհուրդ է տրվում, որքան հնարավոր է շուտ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև հետևել հավասարակշռված սննդակարգի կանոններին, այդ թվում՝ նվազեցնել ալկոհոլային խմիչքի օգտագործումը։

Վնասվածքները մեկ շաբաթից ավելի չեն ապաքինվում։ Եթե կտրվածքները, բշտիկները, քերծվածքները 2-3 շաբաթվա ընթացքում չեն անցնում, չի կարելի անուշադրության մատնել։ Երկար չապաքինվող «անմեղ» վերքը կարող է բազալ բջջային կարցինոմայի առաջին նշանը լինել։ Վաղ շրջանում քաղցկեղի այս տեսակը հեշտությամբ է բուժվում։ Ուշադրություն դարձրեք մարմնի վրա նոր խալերի և այլ նորագոյացությունների առաջացմանը։

Հազ, որը երկար ժամանակ չի անցնում։ Մշտական չոր հազը, որն ուղեկցվում է կլման  դժվարություններով, կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության նշան լինել։ Այն  բնորոշվում է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի պարունակության հետհոսքով կերակրափող։ Սա կարող է ուղեկցվել կերակրափողի լորձաթաղանթի բորբոքմամբ։

Հաճախ է տպավորություն լինում, թե նստել եք ոտքի կամ ձեռքի վրա։ Այս տհաճ զգացումը կարող է առաջանալ վերջույթների արյան շրջանառության խանգարման հետևանքով։ Սակայն եթե այդ զգացումն ունենում եք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ, բժշկին դիմելն ավելորդ չի լինի։ Այս խնդիրները կարող են վկայել նյարդերի վնասման, որոշ դեպքերում՝ նաև դիաբետի մասին։ Ռիսկի խմբում հիմնականում այն մարդիկ են, ովքեր աշխատանքի բերումով նույնանման կրկնվող գործողություններ են կատարում։

Մոռանում եք՝ ինչի մասին էիք խոսում մի րոպե առաջ։ Եթե այս երևույթը հաճախակի է կրկնվում, խնդիրը կարող է ուղեղի սնուցման հետ կապված լինել։ Այս նշանը չի կարելի անուշադրության մատնել։

Որովայնի շրջագիծը նկատելիորեն մեծացել է։ Դեպքերի մեծամասնությունում այս փոփոխությունների պատճառը չափից շատ ուտելն է։ Սակայն եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է մարմնի քաշի նվազումով, անեմիայով, դա կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին։ Մի հետաձգեք այցը համապատասխան մասնագետին։

Մի քանի օր շարունակ ձեզ թվում է՝ ինչ-որ բան է ընկել աչքի մեջ։ Եթե ապակին լղոզված են երևում,  կարող եք աչքերի լուրջ խնդիր ունենալ։ Այս զգացումն ակնաբույժի դիմելու ծանրակշիռ պատճառ է։

Թվում է՝ ոտքի մկանը ձգվել է։ Սա կարող է վկայել ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակի մասին։ Եթե վերջույթներում ցավն առաջանում է համակարգչի առաջ երկար նստելուց հետո, դա կարող է վկայել երակների թրոմբի հետևանքով արյան շրջանառության խանգարման մասին։ Այս հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև ճարպակալումը, արյան մակարդելիության խանգարումը, արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցների օգտագործումը, հղիությունը և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել