«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:

 

Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:

 

Շեֆերը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

 

Մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի խոսքերը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ուշադրություն է հրավիրում նրա մեկ այլ մտքի վրա, որ բանակցային գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահների և միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից կպահանջի դժվար որոշումների ընդունում:

Մեր զրուցակիցը Շեֆերի խոսքերից եզրակացնում է, որ Միացյալ Նահանգներն ունի հակամարտության կարգավորման իր ուրույն ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը:

 

«Շեֆերն ընդհանուր առմամբ ճիշտ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհ չկա, քանի որ պատերազմը կքանդի, կոչնչացնի ողջ տարածաշրջանը, ոչ միայն Ղարաբաղը: Բայց միևնույն ժամանակ հույս չկա, որ կպահպանվի ստատուս քվոն: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գնալով ավելի է ակտիվանում: Սա ինքնին շատ հատկանշական փաստ է: Բացի այդ, նա խոսել է դժվար որոշումների կայացման անհրաժեշտության մասին՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Սա բավական հետաքրքիր պահ է նրա հարցազրույցում: Հնարավոր է՝ Միացյալ Նահանգներն ինչ-որ առաջարկներ անի կողմերից մեկին ոչ հրապարակային ձևով: Պարզ է մի բան, որ Միացյալ Նահանգներն ուզում է տեղաշարժել կարգավորման սառեցված գործընթացը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:

 

Փորձագետը տարօրինակ է համարում այն փաստը, որ ամերիկացի համանախագահ Շեֆերը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, հղում է անում 1975 թ. ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին:

 

«Իմ կարծիքով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը Խորհրդային Միության և խորհրդային ազդեցության գոտու փլուզման փաստով ավտոմատ կերպով կորցրեց իր ուժը: Հակառակ դեպքում կարելի է հարցնել Էնդրյու Շեֆերին՝ ցույց տվեք, խնդրեմ, այն սահմանները, որոնք ֆիքսել է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ որպես անխախտ սահմաններ: Այդ դեպքում նախկին խորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, իրենց անփոփոխ տեսքով պետք է մտնեն ԽՍՀՄ-ի կազմի մեջ, իսկ քանի որ դա չկա, տարօրինակ է ասել, որ պետք է հիմնվենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա:

 

Բանակցությունների սեղանին այսօր դրված են մինչև 2016 թ. ապրիլյան պատերազմը մշակված փաստաթղթերը, և կողմերը չեն հերքում դրանց գոյությունը: Դրանք են Մադրիդյան սկզբունքները: Բայց վերջին երկու տարիների ընթացքում կողմերը հիմնվում են նոր որոշումների վրա: Դրանք են 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում և 2017 թ. հոկտեմբերին Ժնևում ընդունված որոշումները: Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ են եկել մի շարք նոր փաստաթղթեր: Ի՞նչ են տվել այս փաստաթղթերը առաջ շարժվելու համար: Դրանք ոչինչ չեն տվել: Ուստի Շեֆերը պետք է պարզաբաներ՝ գուցե պետք է ևս մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունել, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հասնել առաջընթացի: Չէ՞ որ ինքն էլ իր հարցազրույցում ասում է, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»,- նշեց նա:

 

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող պետություններին՝ բացի Միացյալ Նահանգներից, որն ունի կարգավորման իր ծրագիրը», – նշեց փորձագետը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել