Tert.am-ը գրում է.

Մինչ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք ընտրությունները դժվար թե սահմանին սրացում լինի, բայց ընտրություններից հետո չի բացառվում, որ դիվերսիաներ, ավելի խոշորամասշտաբ գործողություններ լինեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան, ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվի իրենց ագրեսիվ քաղաքականությունից,  քանի որ նրանք ներքին խնդիրները փորձում են փակել ռազմական գործողություններով, հռետորաբանությամբ»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են նշանակվել ապրիլի 11-ին, իսկ Հայաստանում ապրիլի 16-ից հետո ԱԺ առաջին նիստում վարչապետ է ընտրվելու:

- Մարտի 12-ից 17-ը Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ, որին մասնակցելու է շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զրահատեխնիկա: Այս զորավարժությունները հերթակա՞նն են, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ վտանգներ կան:


- Ադրբեջանի զինված ուժերը նմանատիպ զորավարժություններ վերջին տարիներին մշտապես անում են: Մասնավորապես, եթե առանձնացնենք 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո անցկացված զորավարժությունները, ապա մինչև այդ տարվա վերջ  երկու խոշոր զորավարժություն է անցկացվել, ըստ որում, 2016 թ.-ի նոյեմբերի զորավարժությանը նշվում էր, որ մինչև 60 հազար զինծառայող է մասնակցել: Այսինքն՝ ըստ էության՝ Ադրբեջանի գրեթե ամբողջ բանակը: Այստեղ, իհարկե, բարդ է հաշվարկներ անել՝ ինչ նկատի ունեն այդքան զինծառայողի մասնակցություն ասելով, միգուցե որոշները տեղերում իրենց ստորաբաժանումներում ինչ-որ վարժանքներ են անում, և դա ևս հաշվարկվում է: Այսինքն՝ այս դեպքում էլ հայտարարված թիվը չի ենթադրում, որ 25 հազար զինծառայող մեկ վարժարանում միևնույն ժամանակ վարժանքներ է իրականացնելու: Այստեղ ներգրավվելու են նաև ռազմածովային ուժերը, նաև այլ ստորաբաժանումներ, ավիացիան է ներգրավվելու, և տեղերում ևս: 2017 թ.-ի ընթացքում էլ 3-4 նմանատիպ զորավարժություններ իրականացվեցին՝ 10 հազարից մինչև 25-30 հազար զինծառայողներ մասնակցում էին: Հետաքրքիր է այն փաստը, որ 2016 թ.-ի պատերազմից հետո Ադրբեջանի հիմնական հատվածում զորավարժությունները հարձակվողական բնույթի էին, իսկ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում՝ հակահարձակվողական բնույթի: Այս անգամ զորավարժությունն առանձնանում է նրանով, որ ամբողջությամբ այն հակահարձակվողական բնույթի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել