Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ Tert.am–ը զրուցել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հավանական առաջադրման, այդ հարցի շուրջ Արևմուտքի տեսակետի, ինչպես նաև ՀՀ–ԱՄՆ, ՀՀ–ԵՄ հարաբերությունների հեռանկարների մասին։

-Պարո՛ն Քոքոբելյան, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը հիմնավորելու համար արդեն իսկ կարծիքներ են հնչել, որ դա կմատուցվի այն համատեքստում, որ այս պատերազմական վիճակում, նման մարտահրավերների առկայության պարագայում Սերժ Սարգսյանից ավելի համապատասխան թեկնածու լինել չի կարող։ Ձեր կարծիքով՝ Արևմուտքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետում առաջադրվելուն ինչպե՞ս կնայի:

Մինչև այս պահը չհայտարարելն այդքան էլ պրիմիտիվ պատճառներով չէ, ինչպես ներկայացվում և կարծում եմ, որ այստեղ շատ խութեր կան: Եվ այդ առումով, չեմ շտապի որևիցե գնահատական տալ, որովհետև, արձանագրենք, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա:

 Բայցև՝ վստահ եմ, որ այդտեղ նրբություններից բացի նաև շատ լուրջ խնդիրներ կան՝ պայմանավորված  միջազգային բարօրությամբ և այլ հարցերով: Եվ Հայաստանում կան մարդիկ, որոնք առնվազն դա լավ պատկերացնում են: Եվ այնպես չէ, որ 1 կամ 2 հոգու որոշակի հայտարարությունների տիրույթում, նկատի ունեմ՝ կլինի անվտանգություն, կիսապատերազմական վիճակ և այլն, նման գործոններով համեմելով Սերժ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորելուց  իրողությունը փոխվում է: Փաստը մնում է փաստ, որ այս վերջին տասը տարիներին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն անցել է 6 միլիարդից, Հայաստանից արտագաղթը վերջին տարում հասել է 380 հազար մարդու, և այսօրվա մեր իրավիճակը ոչ նախանձելի է՝ լինի անվտանգության առումով, թե մեկ այլ: Եվ առաջին մասի հետ կապված առիթ ունեցել եմ ասելու, որ պատահական չեմ համարում, որ նման հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ու փորձագետներ խոսում են Արցախյան  հակամարտության լարվածության և  Հայաստանի Հանրապետության հետ մոտալուտ պատերազմի հավանականության մասին: Այսինքն՝  Հայաստանը թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության առումով բառացիորեն գտնվում է եզրագծին: Եվ այս 10 տարիները չեն նպաստել թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական առումով վիճակի բարելավմանը: Այս համատեքստում ուզում եմ նաև հիշեցնել, որ արդեն որերորդ վարչապետն է, որ խոսում են կոռուպցիայի վերացման անհրաժեշտության մասին, մոնոպոլիաների վերացման մասին, որոնք, այո՛ օրհասական խնդիրներ են մեր երկրի համար, բայ, ցավոք խոսքերից բացի այլ բան մենք երկար տարիներ չենք տեսնում, ընդհակառակը՝ օրեցօր վիճակը գնալով խորանում է:

Թե ինչպես կփաթեթավորեն հանրապետականները վարչապետի թեկնածուի հետ կապված իրենց  ցանկությունները որևիցե ռեալ ազդեցություն չունի Հայաստանում տիրող տնտեսական և ընդհանրապես՝ սոցիալական և այդ թվում՝ նաև անվտանգային իրավիճակի վրա:

-Պարոն Քոքոբելյան, երբ ասում եք, որ այդքան պրիմիտիվ բացատրություններ չպետք է սպասել վերապահումո՞վ եք մոտենում, որ կառաջադրվի արդյոք Սերժ Սարգսյանը, թե …

-Հանրապետական կուսակցությունը այսօր, 2017 թվականին տեղի ունեցած ընտրություն անվանված միջոցառումների արդյունքում, ունի այդ մենաշնորհը, որ կարող է առաջադրել վարչապետի թեկնածու: Եվ դա ԱԺ ընտրություններից հետո որպես իրողություն ֆիքսված է, բայց խոսքը դրան չի վերաբերում, այլ նրան, թե ինչ վերաբերմունք կցուցաբերեն միջազգային կարևորագույն դերակատարներն այդ իրողությանը: Եվ անընդհատ խոսվում է, որ  վերջին շաբաթը կհայտարարեն, պարզ է, որ կհայտարարեն, բայց խնդիրն այստեղ այդքան պարզունակ չէ, որքան ներկայացվում է և վստահ եմ, որ առնվազն Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է, թե ինչպիսի խնդիրներ կան, այդ թվում նաև իր առաջադրման պարագայում:

-Հաշվի առնելով, որ  այսքան տարի արցախյան խնդրով բանակցողը եղել է Սերժ Սարգսյանը, ի՞նչ եք կարծում՝ Արևմուտքին ձեռնտու կլինի՞, որ հիմնական դերակատարը մնա Սերժ Սարգսյանը՝ այժմ էլ վարչապետի պաշտոնում:

-Ավելի վտանգավոր բան, քան Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունը զուտ բանակցային գործընթացի հետ կապելն է, չկա: Նկատի ունեմ՝ շարունակականությանը: Իհարկե, վարչապետի ընտրությունը և վարչապետն այսպես թե այնպես կապվում է Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացի հետ, քանզի այն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության առումով արտաքին քաղաքականության այսօրվա գերակա խնդիրն է: Խոսքը սրա մասին չէ, բայց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը զուտ բանակցային գործընթացի շարունակականությամբ պայմանավորելը, կարծում եմ, ճիշտ չէ: Բանակցային գործընթացի արդյունքում ձևավորված փաստաթուղթը միշտ չէ, որ նպաստավոր է լինում, որպեսզի շարունակականությունն ապահովվի: Մենք այս կարճ ժամանակահատվածում՝ ՀՀ-ի  նորանկախ պատմության ընթացքում դրա ականատեսը,  կարծես թե, եղել ենք: Լինում են դեպքեր, որ միշտ չէ, որ շարունակականությունը ճիշտ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել