Tert.am-ը գրում է.

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանի կողմից առաջարկվող Պարսից ծոց և Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագիրն այլընտրանք չէ հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը, որը վերջերս չեղարկվեց: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ երկու գործընթացներն իրար կապել պետք չէ: «Այս գործընթացները տարբեր հարթություններ ունեն, և ճիշտ չի լինի դրանք իրար հետ կապելը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթի ընթացքում նշել էր, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Այս ծրագրի մասին իր այցի ընթացքում Հայաստանում հայտարարեց նաև Բուլղարիայի նախագահը: Նշենք, որ Երևանում լրագրողների հետ զրույցում Իրանի Իսլամական Հանրապետության Տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշֆարին նշել էր, որ ծրագիրը հայ-իրանական համագործակցության կարևոր ուղղություններից է: «Այդ ծրագրի բանակցությունները շարունակվում են: Իրանում էլ քննարկել ենք հարցը, մենք պատրաստակամ ենք մասնակցելու ծրագրին: Արդեն պետք է մյուս երկրները վերջնական համաձայնության գան, որ այն իրականություն դառնա»,-ասել էր նա:

Գևորգ Մելիքյանը նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանը փորձում է բազմազանեցնել ոչ միայն քաղաքականությունն, այլև՝ տնտեսությունը: «Սա այն գիտակցությունն է, որ պետք է մեխված լինի բոլոր պետական գործիչների ուղեղներում: Նույնը վերաբերում է նաև տնտեսական անվտանգությանը․ Հայաստանը պարտավոր է տարբեր ճանապարհներ ընտրել՝ հաշվի առնելով, որ չորս հարևաններից միայն երկուսի հետ ունի լավ հարաբերություններ, և այդ երկուսի հետ հարաբերությունները պետք է կարողանա այնպիսի աստիճանի բարձրացնել, որ նույնիսկ այն երկուսի հետ հարաբերություններ չունենալը չզգացվի»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը նկատեց, որ Վրաստանի հետ հարաբերություններն առավել լավացնելու ուղղությամբ քայլեր կատարում ենք, նույնը, ըստ նրա, կարելի է ասել նաև Իրանի հետ հարաբերությունների մասին:

«Բայց թե որքանով է իրատեսական կոմունիկացիաների բազմազանեցումը, ամբողջովին կախված է երկու բաղադրիչից՝ քաղաքական կամքից և հնարավորությունից և նաև ֆինանսական հնարավորությունից,- ասաց նա՝ նշելով, որ գուցե քաղաքական առումով ՀՀ իշխանությունները հասկացել են, որ Հայաստանին պետք են ուղիներ աշխարհի հետ կապվելու համար,- բայց պետք է հաշվի առնել, որ ֆինանսական բաղադրիչը Հայաստանի համար ամենակարևոր մասն է, Հայաստանը չունի ֆինանսական հնարավորություններ, որպեսզի ինքը կարողանա ներդրումներ անել և դրանով շահագրգռել, օրինակ` Իրանին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել