«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Ներկայացնում ենք հատված:
 
«Եթե անգամ Մեծ Բրիտանիայի պատկան մարմինները տան համապատասխան տեղեկանք, որ Սարգսյանը 2011-ից այլևս այդ երկրի քաղաքացի չէ, միևնույն է՝ դրանից իրավիճակը չի փոխվի, քանի որ նա եկել է ոչինչ անել չկարողանա­լու համար: Որքան էլ դու ներկայաց­նում ես քո ծրագրերն ու նպատակ­ները, որոնք պետք է իրագործես ի պաշտոնե, մեկ է՝ դու դրանք իրա­գործել չես կարողանալու՝ լծակներ չունենալու պատճառով: Ուրեմն՝ ինչ կարիք կա սին պատրանքներ ստեղ­ծել հանրության մոտ և հերթական անգամ խաբել ու հիասթափեցնել»: Քաղաքագետը կիսում է այն կանխատեսումը, ըստ որի՝ ՀՀ չորրորդ նախագահը չի պաշտոնա­վարի մինչև իր լիազորությունների ավարտը, և չի բացառվում, որ կե­սից հրաժարական տա: «Արմեն Սարգսյանը տրիվիալ մարդ չէ, և նա յոթ տարի չի ձգի՝ դիմանալով այս խայտառակություններին:
Եվ նա ժամանակի ընթացքում, լինելով այս­տեղ, ավելի խորն ուսումնասիրելով ու հասկանալով, թե ինչ է կատար­վում իր շուրջ, գուցե ստորագրի իր հրաժարականի տակ և հեռանա: Եվ դա շատ դրական կլինի, և այդպիսի ակցիան շատ մեծ ռեզոնանս կստա­նա և՛ ՀՀ-ում, և՛ արտերկրում»,- նկա­տեց Գրիգորյանը:
 
Մեր զրուցակցին հարցրինք՝ իր համար պարզաբանված է այն գլուխկոտրուկը, թե ինչու իշխանու­թյուններն Ա. Սարգսյանին բերեցին հենց այժմ և հատկապես նախագահի պաշտոնում, այլ ոչ թե վարչա­պետի: «Նոր կառավարման մոդելի պարագայում վարչապետի պաշտոնը, բնականաբար, պահվում է Սերժ Սարգսյանի համար, և այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Դուք ինչ եք ուզում՝ որ գործընթացների ամբողջ շղթան, որով ամեն ինչ արվում է վարչապետին գերբնական լիազորություններով օժտելու համար, այդ ամենն իշխանությունն աներ Արմեն Սարգսյանի համար: Ո՛չ, երբեք, նման բան կարող է արվել միմիայն Ս. Սարգսյանի համար»,- նկատեց Գրիգորյանը: Իսկ արդյոք միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵՄ-ի, չպետք է արձագանքի ՀՀ-ում տեղի ունեցող այս հակադեմոկրատական պրոցեսներին, ԵՄ-ի հետ հարաբերություններ սկսող ՀՀ-ին միթե կարելի է թույլ տալ, որ վերածվի տոտալիտար երկրի: Ըստ քաղաքագետի՝ միջազգային կառույցները ներկայումս շատ ավելի լուրջ ու գլոբալ խնդիրների վրա են ծանրացրել իրենց ուշադրությունը, մասնավորապես՝ ՌԴ-Արևմուտք, սակայն այնպես չէ, որ աչքաթող են անելու ՀՀ-ն: «Միջազգային հանրության համար ժամանակ է պետք՝ տեսնելու նեգատիվը: Այն փոփոխությունները, որոնք այսօր օրենքների մակարդակով արվում են, դրանց հետևանքները կերևան մեկ-երկու տարի հետո: Այնպես որ, ես չեմ մեղադրում միջազգային հանրությանը, քանի որ նրանք ինչ-որ ժամանակ հետո վատթարացումը կտեսնեն ու կարձագանքեն: Իսկ մեր իշխանությունների հույսն էլ այն է, որ մինչև միջազգային հանրությունը ջոկի, իրենք ահագին առաջ գնացած կլինեն: Այնպես որ, մենք հույսներս պետք է միայն մեր վրա դնենք և պայքարենք այս ամենի դեմ»,- նկատեց Գրիգորյանը:
 
Ի դեպ՝ նրա ղեկավարած ՀԿ-ն, ի թիվս 9 այլ ՀԿ-ների, նախօրեին արձագանքել էր Ա. Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու փաստին ու կասկածի տակ դրել նրա ընտրության սահմանադրականությունը: Ա. Սարգսյանի կողմից որևէ արձագանք այս հայտարարությանը չի հետևել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել