Armtimes.com-ը գրում է.

Չնայած ներկայիս ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

Շեֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին եւ կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ դրա հիմնական սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանումը: Մենք նաեւ համոզված ենք, որ ներկայիս ստատուս-քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, եւ որ այդ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի»,-նշել է նա:

Շեֆերի խոսքով՝ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարած՝ բանակցային գործընթացն ինտենսիվացնելու եւ լարվածության նվազման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու վճռականությունն արտացոլում է այդ իրողությունը: «Ժնեւում հանդիպման պահից մենք՝ որպես համանախագահներ, մեծ աշխատանք ենք տարել հակամարտող կողմերի հետ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար եւ կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է նա:

Շեշտելով, որ ԱՄՆ-ն՝ որպես միջնորդ-երկիր կողմնակից է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Շեֆերը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձեւաչափով, որը կնպաստի երկարաժամկետ կարգավորմանը: «Մենք շարունակում ենք նպաստել, որ նախագահները եւ արտաքին գործերի նախարարները հնարավորինս շուտ հանդիպեն հիմնական հարցերի քննարկումները վերսկսելու համար, ներառյալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման եւ 2017 թ. Ժնեւում, ինչպես նաեւ 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ընդունված որոշումների իրագործմանն ուղղված քայլերի կարեւորությունը»,- նշել է Շեֆերը:

Խոսելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցի մասին՝ Շեֆերը ասել է, որ այդ քայլը կդառնա շփման գծում լարվածության թուլացմանը կողմերի հանձնառության վկայությունը. «Որոշումը նաեւ կօգնի ԵԱՀԿ–ին իր մանդատն իրականացնել ժամանակին եւ արդյունավետ։ Համանախագահները կշարունակեն փոխգործակցությունը կողմերի հետ հնարավորինս կարճ ժամկետներում նրանց միջեւ վստահության հաստատմանը հասնելու համար»,–ասել է նա։

Անդրադառնալով հարցին՝ Երեւանը եւ Բաքուն որքան մոտ են կայուն խաղաղության հասնելուն՝ Շեֆերն ասել է, որ հակամարտության կարգավորման պարզ ուղիներ չկան: «Ես ԱՄՆ–ի կողմից համանախագահ եմ նշանակվել 2017 թվականի օգոստոսին։ Իմ գործունեության ընթացքում ես հակամարտության տարբեր կողմերով զբաղված տարբեր մարդկանց հետ եմ հանդիպել: Եվ չնայած ես շատ լավ առաջարկներ եւ գաղափարներ եմ լսել, հակամարտության պարզ կարգավորում չկա: Անիրական կլիներ սպասելը, որ լուրջ բեկում կարող է ձեռք բերվել առանց մեծ աշխատանքի եւ պատրաստության, ինչը որոշակի ժամանակ կտեւի»,- ասել է նա:

Համանախագահի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքերն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ՝ համանախագահների եւ միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից դժվար որոշումների ընդունում կպահանջի:

Տարածաշրջան հերթական այցի ժամկետի մասին հարցին Շեֆերը պատասխանել է, որ ՄԽ համանախագահներն այս պահին չունեն հստակ գրաֆիկ այդ հարցով, բայց կշարունակեն խորհրդակցությունները կողմերի հետ՝ նկատի առնելով տարածաշրջանում տեղի ունենալիք ընտրությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել