Yerkir.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը հանձնաժողովը կրկին քննարկի:

«Դրա մասին խոսել ենք հանձնաժողովում: Մեր հետևողական մոտեցումն է, որ այսպիսի հանձնաժողովներում  քաղաքական ուժերն առաջարկներ անելու փուլում պետք է մասնակցություն ունենան, մասնավորապես` ընդդիմությանը վերապահվի այդպիսի հնարավորություն: Մենք այդ առաջարկությունը կքննարկենք առաջինից երկրորդ ընթերցմամբ, ակնկալում ենք, որ այդ քննարկումը տեղի կունենա, և այս հարցի լուծմանը կանդրադառնանք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Այդ հարցը նաև բարձրացրել է մեր ներկայացուցիչը հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց Ռուստամյանը:

«Ելք»-ի պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ իրենց խմբակցությունն էլ կողմ կքվեարկի` բազմաթիվ վերապահումներով, բազմաթիվ բացեր կան, սակայն եթե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխություններ լինեն, կողմ լինեն, հակառակ դեպքում ` ոչ:

Եվ այսպես` խորհրդարանը միաձայն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նախագծին:

Նշենք, որ, ըստ նախագծի, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն, դառնում է ինքնավար մարմին, որի անդամներին ձայների մեծամասնությամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը` վարչապետի առաջարկությամբ:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկեց այս նախագծին`պայմանով, որ հաշվի կառնվի այն մոտեցումը, որ, ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինքնավար մարմինը ստեղծվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով:

ՀՅԴ-ն առաջարկում է, որ ինքնավար մարմնի անդամների առաջադրումը վերապահվի ՀՀ Ազգային ժողովի կողմից ձևավորվելիք մրցութային հանձնաժողովին, որին մասնակից կարող են դառնալ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները (կոնսենսուսով), Գործարարների միություն և այլն:

Ի լրումն՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից ՀՀ Ազգային ժողով է ներկայացրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել