168.am-ը գրում է.

«Տնտեսական մրցակցության ոլորտում մենք բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում»,-այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նա ասաց, որ անցյալ տարի ինքը բավականին ծավալուն հետազոտական աշխատանքի է մասնակցել, ու պարզել են, որ կան մեխանիզմներ այս կառույցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հնարավորությամբ օժտելու. «Պարոն Շաբոյանը հայտնեց, որ անուղղակի ապացույցներով են պարզում, իսկ անուղղակի ապացույցներով անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության, այնպիսի պատասխանատվության, որը համարժեք է քրեական պատասխանատվությանը:

Այս պատասխանատվության միջոցը, որը ենթարկում է հանձնաժողովը, իր խստության աստիճանով համարժեք է քրեական պատասխանատվությանը, անկախ նրանից, թե մենք դրա անունն ինչ ենք դրել: Ապացույցները պետք է լինեն ուղղակի, ոչ թե՝ անուղղակի»:

Ա. Զեյնալյանը նաև նկատեց, որ եթե մենք չգիտենք՝ առաջին գինը օրինական է, թե ոչ, մնացած բոլոր վարույթներն անօրինակ են. «Բոլոր մոնոպոլիաները՝ բանանի գինը, բենզինի գինը, միշտ կարողացել են հիմնավորել: Այսինքն՝ սա անիրատեսական է: Եթե պետությունը միջամտում է գնի որոշմանը, ապա հանգում է այն նույն արդյունքին, ինչին հանգեց Սովետական միությունը, երբ գներն էին վերահսկում և ոչ թե ստեղծում էին մրցակցային պայմաններ: Մենք հանդես կգանք առաջարկություններով»:

Նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ կարևորագույն օրենք են քննարկում, և պետք է շատ ուշադիր լինել յուրաքանչյուր ձևակերպմանը, որ կա այս օրենքում. «Դուք հանել եք գերիշխող դիրք ունեցողի՝ չարաշահմամբ շահույթ ստանալու դեպքում ամբողջովին այդ գերշահույթը պետական բյուջե վճարելու դրույթը, և այն փոխարինվել է մինչև 10 տոկոս տուգանքով: Կարծում եմ՝ այստեղ խնդիր կա: Չնայած դուք ասում եք՝ այդ 10 տոկոսը ավել է լինում, քան այն շահույթը, որ ստացել են, բայց կարծում եմ՝ թեթև թվաբանական հաշվարկը հնարավորություն է տալիս տեսնելու, որ կարող են լինել այդպիսի դեպքեր: Չարաշահման միջոցով գերշահույթ ստացած այդ գումարները պետք է գանձվեն պետական բյուջե»:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ ասաց, որ օրենսդրության մեջ իսկապես էական փոփոխություններ են իրականացնում. «Մի կողմից մրցակցության օրենսդրությունը համապատասխանեցնում ենք նոր Սահմանադրության պահանջներին, մյուս կողմից հաշվի ենք առնում ԵԱՏՄ և ԵՄ մրցակցության կանոնները և սկզբունքները»:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ իրենք հանձնաժողովի տեսադաշտ են բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները. «Արգելվում է պետական պաշտոնյաների կողմից հակամրցակցային գործունեության իրականացումը և հակամրցակցային իրավական ակտերի ընդունումը: Շնորհակալություն եմ հայտնում բարձրացված բոլոր առաջարկների համար, մենք այդ առաջարկներին կանդրադառնանք և կքննարկենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել