«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզչության մեկնարկն այսօր տվեց Աբովյանից, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի հետաքրքիր ու հեռուն գնացող ակնարկ արեց. «Այսօր ինձ համար ծանր է, դժվար է: Բայց ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ, բայց ժողովրդի, հանրության հավատը սրբությամբ պահպանել: Ես երբեք ու երբեք այդ հավատը չեմ կորցնելու»:
Իմ դիտարկմամբ Գագիկ Ծառուկյանը իր այս հայտարարությամբ ոչ միայն առաջիկա խաղը կոշտացրեց, այլև դարձրեց խիստ վտանգավոր: Մի անգամ նա հանրության վստահությունը չարաշահել է ու կոալիցիոն հայտարարություն ստորագրել, այն դեպքում, երբ դրան նախորդող բոլոր հրապարակային ելույթներում ԲՀԿ-ականները նման քայլի հնարավորությունը պարզապես բացառում էին: Եվ պատահական չէր, որ անցյալ տարվա փետրվարի 17-ի հայտարարությունից հետո ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի վարկանիշը կտրուկ անկում արձանագրեց: Իսկ սկսեց կամաց-կամաց բարձրանալ միմիայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն ցուց տվեց, որ պատրաստվում է ինքնուրույն քաղաքականություն վարել: Բայց հասարակության կասկածը երկար ժամանակ է չի փարատվում, քանի որ ինքնուրույն չի նշանակում դուրս գալ գործող նախագահի թևի տակից ու վերադառնալ նախկին նախագահի, քաղաքական նպատակահարարությամբ պայմանավորված, հյուրնկալ գիրկը: Չեմ կարծում, որ հասարակության այն ահռելի հատվածը, որը երկրում փոփոխություններ է ակնկալում, դրա տակ հասկանում է, որ 3-րդ նախագահին գահընկեց անի ու նրա փոխարեն գահին կարգի Ռոբերտ Քոչարյանին: Ստացվում է այնպես, որ եթե Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հանրության հավատը սրբությամբ պահպանել, պետք է բացառի ՀՀԿ-ի հետ հետընտրական կոալիցիոն համագործակցությունը: Իսկ այդ դեպքում իսկապես կարող է կորցնել ամեն ինչ, եթե չապավինի իր համար հզոր հովանավոր Քոչարյանի աջակցությանը: Բայց այս դեպքում էլ հանրության հավատը կլինի ջախջախված, եթե ՀՀԿ-ից հրաժարվելը հանգեցնելու է մրից դուրս գալուն ու մրջուրն ընկնելուն:
Այնպես որ, կարծում եմ, Ծառուկյանի վերը նշված հայտարարությունը գուցե լսողի համար բավական տպավորիչ է, սակայն քաղաքական պրագմատիկ վերլուծության տեսանկյունից հակասական է ու անիրագործելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել