«Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես՝ դրա ռազմատենչ բնույթը, թեև առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի և վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, հատկապես նկատի ունենալով այն, որ ժամանակակից աշխարհում երրորդ համաշխարհայինն ունի պարզապես հիբրիդային դրսևորում և ուժային կենտրոնները բախվում են ոչ թե անմիջականորեն միմյանց, այլ այսպես ասած որոշակի տարածքներում, միջնորդավորված: Այդ իմաստով երրորդ համաշխարհայինն արդեն իսկ տարիներ շարունակ ընթանում է թե՛ Սիրիայում, թե՛ ուկրաինական գոտում:
 
Հայաստանը կամ Հարավային Կովկասն այդ առումով ռիսկային գոտի է, և դժվար է ասել դժբախտաբար, թե բարեբախտաբար:
Այսինքն, դժբախտաբար կա բախման ռի՞սկ, թե՞ բարեբախտաբար այն միայն ռիսկ է և դեռևս չի վերածվել բախման: Ահա այդ տեսանկյունից էլ Պուտինի ելույթը և դրանում ռազմական շանտաժի շեշտադրումը Հայաստանի համար իսկապես զգայուն թեմա է, և ոչ միայն Արևմուտք-Ռուսաստան հակադրության համատեքստում՝ որի սահմանին է Հայաստանն ու որի համար ռազմավարական անվտանգության խնդիր է որևէ ճամբարում չհայտնվելը:
 
Բանն այն է, որ ի լրումն այդ ռիսկերի, կա մեկ այլ հարց: Ռազմական շանտաժը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության, ղարաբաղյան քաղաքականության առանցքը կամ հիմքը: 2016 թվականի ապրիլին այն փլուզվեց, հայկական զինված ուժերի և հանրային կամավորության միասնական ջանքով: Դրանից հետո հարավկովկասյան անվտանգության համակարգի շուրջ բոլորովին նոր իրավիճակ է, որի ճարտարապետը հենց այդ միասնական ջանքն էր: Այդ նոր իրավիճակը ժամանակավրեպ և միջազգայնորեն ոչ լեգիտիմ է դարձրել ռազմական շանտաժի ադրբեջանական քաղաքականությունը, ինչի ևս մեկ վկայություն էր այն, որ միջազգային բոլոր կենտրոնները բացասական արձագանքեցին Երևանի մասին Ալիևի հայտնի աղմկոտ հայտարարությանն ու փաստորեն ստիպեցին հետո Ադրբեջանի արտգործնախարարին հայտարարել, որ Բաքվի համար քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:
 
Խնդիրը, սակայն, այն է, որ, եթե ուժային կարևոր կենտրոններից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, հարավկովկասյան անվտանգության համակարգի պատասխանատուներից և պարեկներից մեկը՝ Ռուսաստանը անցնում է ռազմական շանտաժի իրական քաղաքականության, և ոչ թե դիմում ընդամենը նախընտրական բլեֆի, ներքին սպառման համար, ապա դա կարող է հղի լինել ռազմական շանտաժի քաղաքականության այսպես ասած թրենդավորմամբ, որից կարող է օգտվել այդ քաղաքականության ռեգիոնալ միակ շահառուն՝ Ադրբեջանը»,-գրում է թերթը:        
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել