Armtimes.com-ը գրում է.

Գովազդային արշավի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն անվճար ուղևորափոխադրումներ է իրականացնում Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքով:

Հաշվի առնելով անվճար երթևեկությամբ մեծ հետաքրքրությունը և պահանջարկի կտրուկ աճը՝  երկաթուղու հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 8-ից մինչև 11-ը կատարվելիք անվճար չվերթների տոմսերը տրամադրվելու են կայարանների տոմսարկղերում էլեկտրագնացքի մեկնման օրը՝ Երևանում՝ սկսած ժամը 9:00-ից, իսկ Գյումրիում՝ 15:55-ից:

Մեկ անձին կարող է տրվել ոչ ավել քան 5 անվճար տոմս:

Գնացքում առկա է 107 նստատեղ, կանգնած տեղեր նախատեսված չեն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում հակառակ ուղղությամբ ուղևորների անվճար փոխադրման համար և հայտնում է, որ անվճար տոմսերով Երևանից Գյումրի (կամ հակառակ ուղղությամբ) մեկնած ուղևորները չեն կարող նույն տոմսերով անվճար վերադառնան Երևան (կամ Գյումրի): Նրանց անհրաժեշտ է ընդհանուր հիմունքներով ստանալ Գյումրիից Երևան (կամ հակառակ ուղղությամբ) ուղևորվող արագընթաց էլեկտրագնացքի անվճար տոմսեր:

Կոնֆլիկտային իրավիճակների դեպքում երկաթուղին իրավունք է վերապահում իրեն դադարեցնել անվճար երթևեկությունը՝ նախօրոք տեղեկացնելով ուղևորներին ukzhd.am կայքում հայտարարության տեղադրման ու Երևանի և Գյումրիի կայարանների տեղեկատվական համակարգի միջոցով:

№100-101 Երևան-Գյումրի-Երևան նոր արագընթաց էլեկտրագնացքը աշխատում է ամեն շաբաթ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին հակառակ ուղղությամբ: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Մարտի 16-ից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել