Հայաստանցիներս միշտ փորձում ենք վիպականացնել քաղաքական կյանքը՝ փնտրելով դրամատիկ սյուժե՝ հերոսներով, դավաճաններով եւ այլ հնդկական էֆեկտներով: Խնդիրը, սակայն, ոչ այնքան անձնական սուբյեկտիվ որակներն են, որքան օբյեկտիվ, որոշ դեպքերում՝ մաթեմատիկորեն օբյեկտիվ պայմանները: Բացատրեմ օրինակով: Մեծ ռեսուրս ու ջանք է ծախսվում պարզելու համար, թե այսինչ մարդը «դավաճա՞ն» է, թե՞ «հերոս», «ծախվա՞ծ», թե՞ «սկզբունքային»: Այդ ամենն ավելի շատ հոգեբանների, քան քաղաքական մեկնաբանների պարզելու խնդիր է: Քաղաքականություն վերլուծողը կարող է միայն արձանագրել, թե անկախ իր անձնական նպատակներից ու ձգտումներից այս կամ այն գործիչը կամ ուժը ո՞ր դաշտում է օբյեկտիվորեն հայտնվում, խաղում: Դիցուք այսինչը դուրս է եկել այնինչ՝ ընդդիմադիր ուժի կազմից եւ փորձում է սեփական քաղաքականություն ձեւակերպել: Եթե նրան չհաջողվի մենակով լինել իր նախկին ուժից ավելի հզոր, ավելի շատ մարդ իր շուրջը համախմբել, ուրեմն նա օբյեկտիվորեն հայտնվում է իշխանամետ ուժերի խաղերի դաշտում՝ իր կամքից անկախ: Գիտակցում է նա դա, թե ոչ՝ էական չէ: Էականն այն է, որ եթե քո գործոնը սկսում են շահարկել ընդդեմ նախկին ուժիդ, ուրեմն հենց իրենք` օգտագործողները, հաշվարկել են, որ դու ավելի պակաս վտանգ ես իրենց, քան նա, ում դեմ քեզ օգտագործում են: Եթե հակառակ հաշվարկն ունենային, ապա հակառակն էլ կանեին՝ քո դեմ կօգտագործեին նախկին ուժդ: Ստեղծվում է յուրահատուկ «վիլկա»՝ ցանկացած քայլդ այս կամ այն կողմ միայն բարդացնում է իրավիճակը, եւ նույնիսկ քո ակտիվ դիմադրությունն՝ անկեղծ թե շինծու չի օգնում, այլ միայն թեժացնում է: Իսկ պատճառը մեկն է. պետք է նախօրոք հաշվարկես, թե անկախ քո ամենաբարի ձգտումներից, կարո՞ղ ես արդյոք ձեւավորել համարժեք քաղաքական ուժային բեւեռ, թե ոչ: Եթե ոչ, ապա, ակամայից ցանկացած գործունեությունդ ծառայում կամ վնասում է քեզնից ուժեղներին, եւ դաշտում դու միայն այդ՝ ծառայողական կամ վնասարար դերն ես կատարում: Իսկ թե դավաճա՞ն ես դու, թե՞ հերոս, ծախվա՞ծ ես, թե՞ սկզբունքային՝ թող վիպասաններն ու հոգեվերլուծաբանները որոշեն: Չոր մնացորդն այն է, ինչ նկարագրեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել