«Դա իրական, անկեղծ և դրական քայլ էր երկու իշխանությունների համար՝ հայ-թուրքական հարաբերությունների առավել լավ ապագայի համար, ինչը անորոշ ժամկետով հետաձգվեց: Իմ մեկնաբանությունը՝ արձանագրությունները չեղարկելու Սարգսյանի որոշման վերաբերյալ, կարտահայտեմ թուրքական ասացվածքով. «Ասել կամ հայտարարել մի բան, որն արդեն հայտնի է ու ակնհայտ»»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր, թուրք սոցիոլոգ և գիտնական, պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին փաստական գրքերի հեղինակ, կալանավորվելու սպառնալիքի պատճառով Թուրքիայից հեռացած Թաներ Աքչամը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշմանը: Թաներ Աքչամը նշել է, որ արձանագրությունները մահացած էին դեռ այն ժամանակ, երբ Թայիբ էրդողանն այցելեց Բաքու և ելույթ ունեցավ Ադրբեջանի Խորհրդարանում:

«Իր խոսքում նա արդեն հայտարարել էր, որ Թուրքիան ավարտին չի հասցնի պահանջների իրականացման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի հեռացել Ղարաբաղից, ուստի Սարգսյանի հայտարարությունը պարզորոշ կերպով արտահայտեց այն, ինչն արդեն հստակ էր»,-նման կարծիք հայտնեց Թաներ Աքչամը՝ շարունակելով, որ հայկական կողմը բավականին ակտիվ քաղաքականություն է վարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, ինչն արդյունքներ չտվեց մի շարք պատճառներով: «Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց և զարգացրեց նախապայմանների մի ամբողջ շարք, ինչն անընդունելի էր»,- ասել է Աքչամը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել