Մեր իշխանական համակարգը ասես պատված լինի քաղցկեղի մետաստազներով: Այլ գնահատական տալն անհնար է, երբ այդ համակարգում միահյուսված են կառավարող չինովնիկները, բարձրաստիճան իրավապահները և քրեական աշխարհի վերնախավը, իսկ երբեմն էլ այդ երեք բևեռները կարող են հանդես գալ ի դեմս միևնույն մարդու:
Իհարկե, գովելի է այն փաստը, որ պետական համակարգում փտախտի հետևանքում առաջացած ու այդ փտախտը խորացնող էլեմենտներից մեկին կամ մի քանիսին հեռացրել են համակարգից կամ ընդհանրապես դատել են, բայց դեռ ոչինչ չի խոսում նրա մասին, որ խնդրին տրվելու է համապարփակ համակարգային լուծում:
Այս իրավիճակի խոսուն օրինակը Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է, ում մասին օր օրի նորանոր բացահայտումներ են արվում, բայց նա մինչ օրս էլ առոք-փառոք շրջում է ազատության մեջ ու մի հատ օֆ էլ չի քաշում:
Պարզվում է, Ներսիկ Նազարյանի որդին (իսկ իրականում հենց Ներսիկ Նազարյանը) սերտ կապեր է ունեցել օրենքով գող Պզոյի հանցավոր խմբավորման հետ և փաստորեն հանդիսացել է Ամերիկայում Պզոյի կազմակերպած մեքենայության արդյունքում շորթած միլիոնավոր դոլարները Հայաստանում լվալն իրականացնողներից մեկը: «Ժամանակի» աղբյուրների համաձայն՝ Պողոս Սաթամյանը ձերբակալության գիշերը ԱՄՆ-ից Կիպրոսի բանկերից մեկի միջոցով 450 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արմեն Նազարյանի անձնական հաշվի վրա, և նա` Արմեն Նազարյանը,  մինչ օրս չի կարողացել ներկայացնել գումարի օրինական ծագման վերաբերյալ փաստեր:
Վերոնշյալ հանգամանքը ավելի հասկանալի է դարձնում, թե ինչու մինչև հիմա ձեռք չեն տալիս Ներսիկին․․․ Բա որ Ներսիկ, դու Ներսիկ, սկսի խոսել ու պատմի, թե ովքեր են եղել տվյալ փողերի լվացման իր պարտնյորները, չէ՞ որ Պզոն ԱՄՆ-ում դատվել է ոչ թե կես միլիոն դոլար գողանալու, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների գողության համար, և այդ գումարի մեծ մասի հետքերը ձգվում են դեպի Հայաստան, իսկ անգամ մանկահասակ երեխան կարող է հստակ ասել, որ Ներսիկ Նազարյանը շա՜տ մանր ձուկ էր, որպեսզի կարողանար նման ծավալի փողեր միանձնյա լվանալ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել