Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեն մարտի 23-ին: Այս մասին ՍԴ նախագահը հայտնեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին իր գործընկերներին ներկայացնելիս: «Շուտով Սահմանադրական դատարանի նախագահի իմ լիազորությունները կդադարեցնեմ, ի վիճակի չեմ լինի ծանր մի աշխատանքը մյուսին զուգակցել: Ձեզ հետ կլինեմ մինչև մարտի 23-ը, քանի որ իրավունքի ուժով դատարանի անդամի լիազորությունները դադարում են մարտի 23-ին»,- ասաց Գագիկ Հարությունյանը: ՍԴ նախագահը մարտի 23-ին կբոլորի 70 տարին, ինչով պայմանավորված էլ չի կարող շարունակել լիազորությունները:

Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից փետրվարի 28-ին: Խորհրդի մյուս անդամներն են Գևորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը: Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ընտրվել են 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մեղրյանը` եռամյա ժամկետով:

Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր 5 անդամները խորհրդարանի ամբիոնից հանդիսավոր երդում տվեցին՝ ստանձնելով իրենց պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել