Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանի առաջին լուրջ դերը եղել է  «Սահմանին» հեռուստաֆիլմում, իսկ սովորելու տարիներին  մասնակցել է գրեթե բոլոր քասթինգներին՝ նկարահանվելով էպիզոդիկ դերերում: «Երևան» նախագծում խաղում էր աղ ու հացով աղջկա կերպարում. Վիպոյանն ուր գնում էր, աղ ու հացով դիմավորում էր: BlogNews.am-ի հետ անկեղծ զրույցում դերասանուհին խոսել է բաց տեսարաններում չնկարահանվելու պատճառների,  դերասանական կարիերային խոչընդոտողների և նախագծերն ընտրելու սկզբունքների մասին:   

«Շատ դերասաններ ամաչում են ասել, որ էպիզոդիկ կամ շատ փոքր դերում են խաղացել: Ես չեմ ամաչում, քանի որ ինքս ինձանով փորձել եմ կայանալ այս ասպարեզում: Ինչ քասթինգի կանչում էին, գնում էի և չեմ ամաչում դրա մասին խոսելուց: Դա իմ մասնագիտությունն է, պարզ է՝ ոչ մեկը չպետք է սկսի միանգամից գլխավոր դերից, և այն մարդիկ, ովքեր միանգամից ստանում են գլխավոր հերոսին մարմնավորելու առաջարկ,  հաստատ հաճույք չեն ստանում այդ կերպարից, ինչքան որ ես կստանամ, որովհետև ինձ համար դա քայլ առ քայլ է եղել»,-անկեղծանում է Էմման, ով մինչև էպիզոդիկ դերերը տարբեր ակցիաներ է արել և աշխատել է որպես ադմինիստրատոր:

«Դպրոցն ավարտելուց հետո, երբ ազատ ժամանակ ունեի, փորձում էի պարապ չմնալ: 16-18 տարեկանում փորձել եմ ամեն դեպքում ինքնուրույն լինել: Առաջին հոնորարս չեմ հիշում, բայց համոզված եմ՝ շոկոլադ եմ գնել»:

Էմմայի առաջին լուրջ դերը եղել է «Սահմանին» ֆիլմում, որի քասթինգին գնալիս համոզված էր՝ չի անցնելու. «Այդ ֆիլմից հետո մասնակցում եմ ռեժիսոր Հարութ Շատյանի «Միլիոնը թակարդում» ֆիլմի քասթինգին և կրկին համոզված էի, որ չեմ անցնելու, բայց ինձ հաստատում են Կառայի կերպարի համար: Հարութի հետ աշխատել միշտ ցանկացել եմ, քանի որ հավանում էի նրա նախագծերը: Հաջորդ նախագիծը եղել է «Փրկեք մեր հոգիները», քանի որ Հարութ Շատյանն ինձ արդեն գիտեր «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալից և առաջարկեց խաղալ Էմմիի կերպարում»: 

Դերասանուհու խոսքով՝ նախագծում դեր ստանալու համար երբեք խնամի, ծանոթ, բարեկամ չի խառնել. ամենին հասել է իր ուժերով. «Այս մասնագիտության մեջ շատ եմ լսել, որ պետք է բախտ ունենաս, լավը լինես, տաղանդ ունենաս, որ քեզ նկատեն: Երևի իմ բախտն է բերել, որ ինձ նկատել են: Ես պարզապես հասկացա, որ աշխատում եմ պրոֆեսիոնալների հետ, որոնց համար նշանակություն չունի՝ դու սկսնակ ես, թե ունես ծանոթ վերևներում: Այս ամենն այնքան պարտավորեցնող է ինձ համար, որ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի արդարացնեմ նրանց սպասումները»:  

«Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում Էմման ոճային փոփոխության էր ենթարկվել. ասում է՝ կերպարի հետ կային նաև բնավորության որոշ նմանություններ. «Օրինակ՝ մունաթի ինտոնացիան, երբ ինքնապաշտպանվում էր, իմ մեջ էլ կա: Իսկ հագուստի ոճն ինձ հետ բնավ կապ չուներ, մազերս էլ կապույտ էի ներկել, որ կերպարս մի քիչ լիարժեք լիներ»:

Այն հարցին՝ կան արդյոք տեսարաններ և պահանջներ, որոնց պատճառով կարող է հրաժարվել տվյալ նախագծում նկարահանվելուց, դերասանուհին նշեց. «Ոճային փոփոխությունների համար առհասարակ խնդիր չունեմ. եթե ռեժիսորի հետ պայմանավորում ենք և համաձայնության գալիս, որ պետք է մազերս ներկել, ներկում ենք, կտրել՝ կկտրենք: Չեմ նկարահանվի միայն ինտիմ և բաց տեսարաններում, քանի որ դա չէ, որ ցույց է տալիս, թե որքան պրոֆեսիոնալ ես դու քո մասնագիտության մեջ: Հայաստանում այդ ամենը մի քիչ այլ կողմ է գնում, մի քիչ սխալ է, երբ դու մերկ կանգնում ես, և բոլորը նայում են: Այդ ամենը, կարծում եմ, մի մարդու համար պետք է լինի»:

Էմմայի կարծիքով՝ նման տեսարաններում նկարահանվող դերասանները համարձակ են, քանի որ գիտեն՝ ինչ խոսակցություններ են պտտվելու նրանց անվան շուրջ, և կարողանում են այդ ամենն անտեսել:

Պարզվում է՝ դերասանական կարիերայի ճանապարհին նաև խոչընդոտողներ են եղել, ոևոնք համոզել են, որ չի կարող դերասանուհի դառնալ. «Այնքան շատ էին այդ մարդիկ՝ ընկերներիցս սկսած, դասախոսներիցս վերջացրած: Ամեն կողմից ինձ փորձում էին ապացուցել, որ ես ոչ մի բանի չեմ հասնի: «Դու չես կարող», «դու այստեղ շեշտադրումը սխալ ասացիր», «դու դերասան չես», «դուրս արի այստեղից» և այլն: Նրանք շատ էին, և ամենաահավորն այն էր, որ նրանք տարիքով էին, ովքեր, հակառակը, պետք է օգնեին, աջակցեին, որ ես ավելի հմտանայի իմ գործում, բայց նրանց մեջ նախանձ կար: Իմ դասախոսներից մի քանիսն ամեն ինչ անում էին, որ փոշմանեմ այս մասնագիտությունն ընտրելու համար, կարող էին ասել. «Դու անտաղանդ ես, դու ինչպե՞ս կարող ես դերասան դառնալ»,  և փորձում էին ինձ դրանում համոզել, բայց ես այնքան ուժեղ գտնվեցի, որ ոչ մեկին չլսեցի: Ես շատ փոքր տարիքից գիտեի, որ ես լավն եմ, ինչքան էլ դա հիմա մեծամիտ կհնչի: Ես ինձ միշտ լավն եմ համարել և կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ մյուսներն էլ են ինձ հավանում: Իմ ինքնագնահատականը միշտ բարձր է եղել, և կապ չունի, թե ինչեր են ինձ ասել կողքից»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել