Ռոստովի բնակչուհի Աննա Զագորսկայա-Վիները պատմել է քաղաքի ցանցային խանութներից մեկում հայկական պանրի հետ կապված պատահարի մասին:

«Խանութի երեք աշխատակիցներ ինձ համար ընտրեցին հայկական տնական պանրի կտոր: Տնականը տեսքից էլ երևում է: Ինձ գործընկերս օրերս հյուրասիրել էր: Դրամարկղի մոտ անվտանգության աշխատակիցը խնդրեց ինձ ցույց տալ պայուսակիս պարունակությունը: Տեսնելով պանրի կտորը` նա կապով կանչեց ինչ-որ մեկի: Մի կին մոտեցավ՝ երկու օգնականների հետ և հրամայեց անվտանգության աշխատակցին մի կողմ գնալ, իսկ ինձ՝ հանել պանրի կտորը, այնուհետև ուղղակի խլեց ձեռքիցս այն՝ ասելով՝ դա մերն է»,- Վկոնտակտե կայքի «Գլխավոր Ռոստով» խմբում հրապարակման մեջ նշում է բնակչուհին:

Աննան ոստիկանություն չի կանչել և աղմուկ չի բարձրացրել պանրի կտորի համար, սակայն հիպերմարկետի աշխատակիցների հետ պատահարն անվանել է ավազակություն:

Հայկական պանրի հետ կապված պատահարը սոցցանցերում դարձել է բուռն քննարկումների առիթ. Ռոստովի բնակիչներն Աննա Զագորսկայա-Վիների գրառման տակ խորհուրդ են տվել վերջինիս դիմել ոստիկանություն կամ խանութի աշխատակիցների նկատմամբ բողոք գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել