Armtimes.com-ը գրում է.

Այսօր ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ազգային հերոս ու ազգային պարծանք Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 59 տարեկան:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ էր 1999 թվականի հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:

Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից քիչ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչեւ 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ:

Սատարելով Լեւոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում` նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում եւ օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանինընտրվել Հայաստանի նախագահ:

Սարգսյանը հիմնեց Երկրապահ կամավորական միությունը, որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ եւ դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ եւ մեծամասնություն ձեւավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ եւ դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը եւ օրենսդիր մարմինը:

Սարգսյանը, Դեմիրճյանը եւ վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ եւ քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետեւում թաքնված են դրսի ուժեր:

Չնայած տարբեր քննադատությունների, Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների եւ հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: Նա նաեւ քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից որպես ոչ ժողովրդավար անձ հատկապես ընտրություններում իր դերի համար։

Սարգսյանին շնորհվել է Հայաստանի եւ Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել