Երեկ կայացավ ՀԱԿԿ-ի, ինչպես իրենք են ասում` երկար սպասված հանրահավաքը: Առավել քննելի եմ համարում Լևոն Զուրաբյանի ելույթը, որը լի էր մեկը մյուսի հետ կապ չունեցող, հակասող ու անտրամաբանական ճառերով: Նախ շատ զարմացրեց նրա անչափ բարձր տրամադրությունը (երբեք նրան այդքան լայն ժպտալուց չէի տեսել): Հավանաբար ուրախացել էր` հրապարակում «մարդ» տեսնելով, հավանաբար այն կարծիքին էր, որ վերջին շրջանում ՀԱԿԿ-ի վարած քաղաքականության շնորհիվ մարդիկ նույնիսկ հանրահավաքներին չգալ-չմասնակցելու աստիճան հիասթափված են, բայց կային, եկել էին:
Վերջինս սկսեց մի օտարերկրացի զբոսաշրջիկի աչքերով նայել Հայաստանին ու տպավորություններ նետել, կարծիքներ հայտնել նույն զբոսաշրջիկի փոխարեն` կապված հայ իրականության, հատկապես քաղաքականության մասին: Ինչ խոսք, անհասկանալի էր: Պարոն Զուրաբյան, ես որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այդուհանդերձ չեմ հասկանում Ձեզ, չեմ ընկալում, չեմ հասկանում Ձեր գիծը, Ձեր վարած քաղաքականությունը, նույնիսկ Ձեր խոսքը, քայլերը ու հատկապես չեմ հասկանում քաղաքականության մեջ Ձեր լինելու կարևորությունն ու նշանակությունը, հետևաբար օտարերկրացի զբոսաշրջիկը ինչի՞ պիտի հասկանա կամ ո՞նց հասկանա Ձեզ ու Ձեր վարած քաղաքականությունը. Չէ՞ որ Դուք էլ մասն եք կազմում մեր քաղաքականության: Ինչպես Ձեր մտերիմներից մեկը (խոսքը Նաիրա Զոհրաբյանի մասին է) ասաց իր հերթական ելույթներից մեկում` «դա նոնսենս» է: 
Զուրաբյանի ելույթն այնուհետև զարգացրեց նրա կողմից հնչեցրած մեկ այլ` նոնսենսին ոչնչով չզիջող կարծիք, որտեղ արտագաղթի ու նմանատիպ այլ խնդիրների կողքին ավելացրեց «անտարբերությունը»: Ասում եք անտարբերությու՞ն: Ո՞ր անտարբերության մասին է խոսքը: Դեռ երեկ էր` ամբողջ հանրապետությունը ներքաշված էր նախագահական ընտրապայքարի մեջ: Շատուշատ քաղաքական ուժերի կողմից հստակ ու մասամբ հստակ դիրքորոշումներ լսեց հանրությունը, իսկ Կոնգրեսից միակ բանը, որ նկատելի էր, դա «հստակ անտարբերությունն» էր: Ընտրություններին չմասնակցել, այն դեպքում, եթե ինքդ քեզ հռչակել ես արմատական ընդդիմություն, դա ամենամեծ անտարբերությունն է քեզ հավատացող-չհավատացող, քեզ հետ հույսեր կապող, երկրում առկա խնդիրների, անարդարության, ավազակապետության և այլնի նկատմամբ: Եվ այսքանից հետո կանգնել ու խոսել անտարբերությունից, ավելի քան ոչ ադեկվատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել