«ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեև այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երևանում շնորհավորել է նաև մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին:
 
Այդուհանդերձ, Պուտինի շնորհավորական հեռագիրը, իհարկե, առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանը, և այն հատկանշական և ուշագրավ է այդ տեսանկյունից, և առաջին հերթին իհարկե նաև հրատապության առումով: Պուտինը, փաստորեն, Արմեն Սարգսյանին շնորհավորում է ժամեր անց: Այդ հանգամանքը դիտարժան է մի քանի ասպեկտով: Նախ, Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը շատերի մոտ դիտարկվեց իբրև, այսպես ասած, արևմտամետ նախագահի թեկնածուի առաջադրում, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը եղել է դեսպան Մեծ Բրիտանիայում, տարիներ շարունակ տարբեր գործունեություն է ծավալել այնտեղ՝ թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ տնտեսական իմաստով:
Մյուս կողմից, սակայն, երբ Սարգսյանը սկսեց հանդիպումները Սփյուռքի հետ՝ նախագահի թեկնածության առաջարկն ընդունելու հարցում վերջնական որոշման համար, Սարգսյանն առաջինն այցելեց Մոսկվա:

Սրանք իհարկե դետալներ են, որոնք ամենևին չեն նշանակում որևէ սկզբունքային կողմնորոշում կամ դիլեմա, սակայն, անշուշտ, հետաքրքիր դետալներ կամ շտրիխներ են, և դրանց ֆոնին էլ ուշագրավ է Պուտինի թե՛ հրատապ, թե՛ փաստացի առաջին շնորհավորանքը: Մեծ հաշվով, չունենալով անմիջական վարչական իշխանություն, Արմեն Սարգսյանն իհարկե կարող է իր դերակատարումն ու կարգավիճակը, այսպես ասած, արժեհամակարգային հարթության վրա ծառայեցնել Հայաստանում աշխարհայացքային փոփոխությունների համար, իսկ Ռուսաստանի համար, թերևս, առավել խնդրահարույց է հենց այդ հանգամանքը, քան անմիջական ազդեցությունն իշխանության վրա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել