Երեկ Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները: Սարգսյանը ճշգրտորեն կատարեց իր խոստումը` գարուն մտանք հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումով: Քաղաքական որոշումը կայացված էր ավելի վաղ` դեռ անցած տարվա սեպտեմբերին, երբ նախագահ Սարգսյանն այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից:

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումով վերջակետ է դրվում կոնկրետ գործընթացի, սակայն ՀՀ և Թուրքիայի հարաբերություններում բազմակետերը միայն ավելանում են` անորոշ թողնելով իրադարձությունների զարգացման հեռանկարը:

Օրերս Մյունխենում Սարգսյանն ակնարկել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարների մասին` գլոբալ գործընթացը սահմանազատելով կոնկրետ արձանագրություններից: Այս իմաստով` Սարգսյանի մյունխենյան ելույթը շատ ավելի ռացիոնալ էր:

Արձանագրությունների հետ կանչումը սոսկ պատասխան է Անկարային: Խնդիրը իրավիճակ փոխելն է: Մինչև «առոչինչը» պետք էր ձևակերպել ու բարձրաձայնել այն մեկնակետը, որտեղից Հայաստանը պատրաստ է նոր հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ` հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների չհաստատման պատմությունն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Դա պիտի լինի անխոտելի փաստաթուղթ, որին Թուրքիայի, առավել ևս սատելիտի կարգավիճակ ունեցող, բայց այս հարցում դոմինանտ թվացող Ադրբեջանի, որևէ առարկություն ցույց տա նրանց քաղաքականության սնանկությունն ու կողմնակալությունը` ստանալով համարժեք գնահատական միջազգային կառույցներում ու տարածաշրջանում իրենց խաղացող համարող պետություններում` ածանցյալ հետևանքներով: Դա բարդ, բայց և լուծելի խնդիր է` հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակը: Նախ` պատեհ պահը պետք է օգտագործել և զուգահեռ` համահայկական ներուժը ի սպաս դնել Արցախի Հանրապետության ճանաչմանը:

Մինչ այդ նշենք, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ առանց ԼՂ խնդիրը կարգավորելու, հայ-թուրքական հարաբերություններն անհնար է բարելավել. որքան էլ խոսվի առանց նախապայմանների հայ-թուրքական երկխոսության մասին, միևնույնն է` այս երկու հարցերը կապված են իրար հետ:

Չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանը կամ Հայաստանի իշխանությունները նույնիսկ ունեն որոշակի պատկերացումներ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասով, սակայն դրանք չեն հրապարակայնացնում` սպասելով միջազգային ավելի բարենպաստ կոնյուկտուրայի կամ իրավիճակի որակական փոփոխության Թուրքիայում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է, սակայն այն պետք է տեղի ունենա քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգին համապատասխան և որևէ պարագայում չպետք է վտանգի մեր ազգային-պետական շահերը և հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել