«Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի կունենա չորրորդ նախագահի ընտրությունը: Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ՝ մարտի 1-ին, խորհրդարանին է ներկայացրել պետության զարգացման, որակների, ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, որոնք, իհարկե, դժվար է ծրագիր անվանել, քանի որ նախագահը կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելում, ըստ էության, չունի ծրագրային ապահովման իշխանական լծակներ: Սակայն, բոլոր դեպքերում, Արմեն Սարգսյանը ներկայացրել է միանգամայն ողջունելի առաջնահերթություններ և ուղենիշներ՝ ըստ էության ցույց տալով, որ Հայաստանի ապագան զարգացման ժողովրդավարական, ազատ մոդելն է, որը առավելագույնս կբացի ստեղծագործական այն ահռելի ներուժը, որ ունի Հայաստանի ամենաթանկ բանը՝ մարդկային կապիտալը:
 
Խիստ խորհրդանշական և ուշագրավ զուգադիպությամբ նույն օրը՝ մարտի 1-ին, ՌԴ-ում հնչում էր այդ երկրի նախագահի թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը, որ նա հղում է Դաշնային խորհրդին:
Պուտինն էլ ներկայացնում էր իր ծրագրային տեսլականը, թե ուր պետք է գնա Ռուսաստանը առաջիկա 6 տարիներին: Պուտինի դեպքում դա, իհարկե, ծրագրային տեսլական է, որովհետև նա ունի այդ իշխանությունը, ընդ որում՝ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Եվ այստեղ կա, իհարկե, մի շատ ուշագրավ և նուրբ հանգամանք, որի արձանագրումը առաջին հայացքից կարող է թվալ տարօրինակ, սակայն որը թերևս տխուր կամ դառը իրականությունն է:
 
Հայաստանի զարգացումը, ապագան, անվտանգությունը կախված են թերևս ավելի շատ ՌԴ նախագահի թեկնածուի ուղերձից, քան ՀՀ նախագահի թեկնածուի խորհրդարանական ելույթից: Եվ պատճառն այն չէ, որ տարբեր են իշխանական լծակները: Անգամ եթե խոսքը վերաբերեր ՀՀ ներկայիս կառավարման մոդելով նախագահի թեկնածուին: Բանն այն է, որ ՀՀ-ն, գտնվելով ռուսական ազդեցության գոտում, իսկ դա վիճարկելը թերևս կլինի քաղաքական, քաղաքագիտական և նույնիսկ պատմագիտական անհամարժեքություն, զգալիորեն կախված է այն իրավիճակից, որ կա ՌԴ-ում: Սա բացարձակ կախվածություն չէ, անշուշտ, և բոլորովին չունենք նպատակ ներկայացնել ապոկալիպտիկ կախվածության մի վիճակ, սակայն մեծ ազդեցությունը չնկատելն էլ կլինի ինքնախաբեություն:
 
Խոշոր հաշվով, օբյեկտիվորեն, Հայաստանի զարգացման այս կամ այն տեսլականի իրականանալիությունը, հատկապես պետական կարողությունների ներկայիս ներուժի պայմաններում, զգալիորեն կախված է այն ուղուց և բովանդակությունից, որ կա Ռուսաստանում, ու նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունից: Եվ այս իմաստով իրավիճակը Հայաստանի համար հակասական է, որովհետև Ռուսաստանը մի կողմից թուլանում է, իսկ դա նշանակում է Հայաստանի համար ազատության հավելյալ հնարավորություն, ժամանակ, տարածություն, որը հնարավոր է օգտագործել ինքնիշխանության ներուժը ավելացնելու համար, մյուս կողմից՝ Ռուսաստանն այդ առումով կարող է առավել կարծրանալ, այդ թվում՝ իր ազդեցության գոտիների հատվածում, բերելով առավել «ռեպրեսիվ» մոտեցումների, որոնք կարող են լինել կարճաժամկետ՝ չկա ավելի երկար «ռեպրեսիվ աշխարհաքաղաքականության» ներուժ, բայց, օրինակ, Հայաստանի համար կարող է լինել այդ կարճին էլ դիմանալու խնդիր»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել