168.am -ը գրում է

Դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը նկարահանվելու են ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում, որն էկրան կբարձրանա 2019 թվականի օգոստոսին: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:

Կինոնկարը կրելու է «Մեկ անգամ Հոլիվուդում» անվանումը, դրա գործողությունը տեղի է ունենալու 1969 թվականին Լոս Անջելեսում: Ֆիլմը պատմելու է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի եւ նրա կրկնորդի պատմությունը, որոնք չեն կարողանում ընտելանալ սրընթաց փոխվող «անուրջների ֆաբրիկայի» նոր կյանքին:

Նրանց դերակատարներն են՝ 43-ամյա դի Կապրիոն եւ 54-ամյա Բրեդ Փիթը՝ համապատասխանաբար: Նոր ֆիլմում այս երկու դերասանների մասնակցությունը, որոնցից յուրաքանչյուրն «Օսկար» մրցանակի դափնեկիր է, առաջին անգամը կլինի, երբ նրանք համատեղ կհայտնվեն Էկրանին:

Ընդ որում՝ ավելի վաղ դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը առանձին-առանձին խաղացել են Տարանտինոյի ֆիլմերում: Առաջինը նրա մոտ նկարահանվել է «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) ժապավենում, իսկ երկրորդը՝ «Անփառունակ վիժվածքներ»-ում (2009 թ.):

«Ես շատ ուրախ եմ Լոս Անջելեսի եւ Հոլիվուդի մասին այս պատմությունը ներկայացնելու համար, որ այլեւս գոյություն չունի»,-տարածված հայտարարության մեջ ասել է Տարանտինոն, որը գրեթե իր ողջ կյանքն ապրում է այս քաղաքում: Ռեժիսորի խոսքով՝ ինքը նոր ժապավենի սցենարը գրել է վերջին հինգ տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել