Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ն այսօր քննարկում էր ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: Ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` երբ հանրությունը իմացել է, որ Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, հարգալից վերաբերմունք է ցուցաբերել նրա նկատմամբ, բայց նա անհարգալից է վարվում բոլորի հետ:

«Դուք այսօր անհարգելից վերաբերմունք եք ցուցաբերում հայ հանրության նկատմամբ: Համաձայն գործող Սահմանադրության` ՀՀ նախագահ կարող է լինել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ելույթ է ունենում, ասում՝ ինչո՞ւ, դա ամենակարևոր հա՞րցն է, այլ հարցեր չկա՞ն: Պարո՛ն Աշոտյան, որ Հռոմից, չգիտեմ` որտեղից մեջբերումներ եք անում, ցույց եք տալիս, թե կարդացել եք, Ձեր երկրի Սահմանադրությունը չե՞ք կարդացել: Թե Սահմանադրությունը ձեր կուսակցության համար որևէ նշանակություն չունի, եթե Սահմանադրությունը չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը նայել եք, էն որ ասում են` «царь ненастоящий»: Փաստաթուղթ չկա, ինչը մեզ հերթական անգամ գցում է դեժավյուի մեջ, որ հերթական անգամ մեր նախագահը ненастоящий է»,-ասաց նա, ապա կրկին հարցրեց. «Ա՛յ մարդ, հիմա նախագահը настоящий ա՞, թե՞ ненастоящий ա»:

Փաշինյանը նշեց, որ մամուլում տասնյակ հրապարակումներ կան, որ 2011-ից հետո էլ Սարգսյանը եղել է Բրիտանիայի քաղաքացի, բայց իրենց խմբակցությունում ասել է, որ հրաժարվել է: «Մենք հարգանքով ընդունեցինք և խնդրեցինք, որ Ձեր հայտարարությունը պետք է փաստաթղթերով հիմնավորում ունենա: Այս գործընթացում չի կարող բանավոր հայտարարությունը հիմք լինել, քանի որ կան այլ փաստաթղթեր: Մի ամիս էլ սա է քննարկվում, ձեր լեգիտիմության հարցն է քննարկվում, բայց Դուք չեք ուզում մի պարզ գործողություն անել՝ Բրիտանիայից մի տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանն այսինչ օրը դիմում է գրել և հրաժարվել քաղաքացիությունից: Սա չեք անում նույնիսկ այն պայմաններում, որ բրիտանական թագավորական ընտանիքում մտերիմներ ունեք: Այս պայմաններում, եթե չի արվում այդ գործողությունը, ուրեմն մեկ բացատրություն կա, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Այս թեմայով, քանի որ մեր պայմանավորվածությունը չի կայացել, ինձ իրավունք եմ վերապահում ասելու՝ մենք ունենք նախագահի թեկնածու, որը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: ՀՀ-ում քաղաքացիները երբ հալածանքների էին ենթարկվում, Ձեզանից որևէ աջակցության խոսք չեն լսել, երբ Դուք նույնիսկ դեսպան չէիք, այլ Մեծ Բրիտանիայի ազատ քաղաքացի: Ես ուշադիր նայեցի Ձեր կենսագրությունը, և ՀՀ քաղաքացիություն ունենալ-չունենալը համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ- չունենալու հետ: 1991 թվականին է ՀՀ-ն հիմնադրվել, դուք այն ժամանակ պաշտոն եք ունեցել և եղել եք ՀՀ քաղաքացի: 2002-ին Ձեզ ազատել են դեսպանի պաշտոնից, և Դուք հրաժարվել եք ՀՀ քաղաքացիությունից: 2010-ին, երբ կրկին դեսպան պետք է լինեիք, կրկին ընդունել եք ՀՀ քաղաքացիություն: Դուք ոչ մի օր ՀՀ շարքային քաղաքացի չեք եղել: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված և միայն պաշտոնի համար քաղաքացի դարձած անձը բարոյական իրավունք ունի՞ ՀՀ նախագահ ընտրվելու»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ երբ Արմեն Սարգսյանին առաջադրում էին, մարդիկ ասում էին՝ ո՞նց են նման հեղինակավոր մարդուն նախագահի թեկնածու առաջադրել: «Ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ Սարգսյանի հույսերը: Դուք ՀՀ նախագահ չեք ընտրվում, դուք ՀՀ-ում այսօր իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում»,- հայտարարեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այս երկրի վրա անեծք է դրված` այս երկիրը օրինական նախագահ չի ունենալու, ապա անդրադարձավ Գևորգ Կոստանյանի` պետաիրավականի նախագահ ընտրվելուն: «Գևորգ Կոստանյանի ընտրությունն էի լսում: Այս ամբիոնից ասում էին՝ Կոստանյանը իմաստության ակունք է, արեգակն է մեր իրավունքի: Ասում եմ՝ Գևորգ Կոստանյանին տեսնեմ, ասեմ՝ քո փոխարեն գետինն եմ մտնում, եղբա՛ր: Նորմալ մարդը ուրիշ մարդու մասին նման գովեստներ կշռայլի՞: Այս ի՞նչ է կատարվում: Այսօր այդ էստաֆետը Սամվել Ֆարմանյանը և մյուս ՀՀԿ-ականները վերցրեցին` Արմեն Սարգսյանը արեգակ է բացել մեր երկրի վրա: Բայց Դուք գիտե՞ք` վաղը մեր գործընկերներն ինչ են ասելու Սերժ Սարգսյանի մասին, երբ ներկայացվի որպես վարչապետի թեկնածու»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել