Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդն առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

«Համաձայն պլանի՝ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ»,-ասաց Մակյանը:

Ըստ կարգի՝ դպրոցները կարող են գարնանային արձակուրդի համար հատկացված օրերը միացնել ձմեռային արձակուրդին: Նախարարությունում այդպիսի դիմումներ եղել են դեռևս դեկտեմբերին: 

«Մայրաքաղաքից և մարզերից 13 դպրոցներ գարնանային արձակուրդը միացրել են ձմեռայինին: Պատճառները եղել են տարբեր, օրինակ՝ ջեռուցման խնդիրները»,-ասաց Մակյանն ու հավելեց, որ այդ դպրոցների աշակերտներն այս տարի գարնանային արձակուրդ չեն ունենա:

Գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի 17 և 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել