Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի նիստը, որտեղ ՀՀԿ կողմից հանրապետության նախագահի համար առաջադրված Արմեն Սարգսյանը ելույթ է ունենում Ազգային ժողովի առաջ։ Սարգսյանը շուրջ մեկժամանոց ելույթ ունեցավ, որտեղ մի քանի շեշտադրում կատարեց։ Եթե հիշում եք, շուրջ մեկուկես տարի առաջ էլ վարչապետի պաշտոնը ստանձնեց Կարեն Կարապետյանը։ Ո՞րն էր այս երկու գործիչների նմանությունը և տարբերությունը, երբ նրանք մտան քաղաքական դաշտ։

Կարապետյանի գալուստն ազդարարվեց բարեփոխումների տեսքով։ Ապրիլյան իրադարձությունները, ներքաղաքական լարվածությունը բերել էին այդ պահանջը։ Պայմանական դրսից՝ Ռուսաստանից բերված բարետես արտաքինն իր հետ Հայաստան էր բերելու համակարգային փոփոխություններ ու ներդրումներ։ Այն փոխարինելու էր հին բյուրոկրատիան, կազմաքանդելու էր կոռուպցիան և դա անելու էր հնարավորինս սեղմ ժամկետներում։ Թե ինչ է տեղի ունեցել այս ժամանակահատվածում, տեսանելի է կամ, ավելի ճիշտ կլինի ասել, տեսանելի չէ բոլորին։ Կարապետյանը մնաց իր իսկ խոստումների տակ ոչ թե բարեփոխելով, այլ ինտեգրվելով այն էլիտային, որի բաղկացուցիչ մաս է կազմել նաև ինքը։ Նա ապացուցեց, որ միայնակ ոչինչ փոխել հնարավոր չէ, և ավելի շուտ ինքը միջավայրին ինտեգրվեց, քան միջավայրն իրեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այժմ Կարեն Կարապետյանից մնացել են միայն նրանից սպասված ակնկալիքների ավերակները, և միակ մնայուն բանը նրա երգացանկն է, որը վարչապետն ազատ օրերին հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում։ Ներդրումներ չեղան միլիարդավոր դոլարների, իսկ հարկավաքությունն ու բյուջե վերադասավորելը ոչ մի կերպ ներդրում անվանել չենք կարող։

Արմեն Սարգսյանը հասարակության աչքում ինչ-որ չափով շարունակում է առեղծված մնալ։ Ընդամենը 3 ամիս վարչապետ աշխատած այս մարդը որևէ սկանդալով ու բացասական երանգով աչքի չի ընկել նախկինում, անհաղորդ է եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ հիմնականում զբաղվելով դիվանագիտական գործունեությամբ՝ բացառությամբ միֆական ժանրի մի քանի խոսակցությունների, որոնք հատուկ են բարձր պաշտոն զբաղեցնող անձանց, հատկապես 90-ականների էլիտայի շրջանակներում նրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Նա ինքն էլ, շատ լավ հասկանալով իրավիճակը, գուցե չկրկնելով Կարեն Կարապետյանի սխալը, չի փորձում սրընթաց խոստումներով մտնել քաղաքականություն։ Ոչինչ չի խոստանում ու մնում է բարի մարդու ամպլուայում, ինչպիսին նրան ճանաչում ու ընդունում են։ Նրան հասարակությունը գուցե չարձագանքի այնպիսի խանդավառությամբ, ինչպես արձագանքեց Կարեն Կարապետյանին, սակայն փոխարենը Սարգսյանին կընդունի առանց որևէ պատրանքի, հետևաբար նաև հիասթափություն չի լինի, եթե հետագայում ինչ-որ բան այնպես չստացվի։ Եկեք համաձայնեք, որ համատարած խոստումների ու դրանց շուրջ հանրային հիասթափությունների ֆոնին Արմեն Սարգսյանը շատ ավելի նախընտրելի կերպար է, քան Կարեն Կարապետյանը։

Մեծ հաշվով, նրանք երկուսն էլ Հայաստանում էական փոփոխություններ բերել չեն կարող, որովհետև Հայաստանում քաղաքականությունն այս պահին կառուցված է մեկ կուսակցության, իսկ ավելի կոնկրետ՝ մեկ անձի շուրջ։ Դա մեկ օրվա պատմություն չէ, տարիներով ձևավորված, մշակված քաղաքականության արդյունք է, ու դրանից ձերբազատվելու համար նախևառաջ անհրաժեշտ է իշխանությունը բաշխել ռեալ ինստիտուտների ու փոխզսպման մեխանիզմների միջև։ Արմեն Սարգսյանը լինելու է այն բարի պապիկը, որին գուցե ժողովուրդն ուզում է տեսնել, սակայն առարկայական փոփոխություններ գրանցելու համար ապագա նախագահը պետք է գնա կտրուկ քայլերի, որոնք քիչ հավանական են թվում այս պարագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել