168.am-ը գրում է.

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը, որը փետրվարի 28-ին տարածել է Եվրահանձնաժողովը, բովանդակում է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը: Այդ մասին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը:

«Իրավական փաստաթղթի նախագիծը, որը հրապարակել է հանձնաժողովը, պրակտիկայում դրա իրականացման դեպքում, կխարխլի Մեծ Բրիտանիայի ընդհանուր շուկան եւ կսպառնա Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը Իռլանդական ծովում կարգավորող եւ մաքսային սահմանի ստեղծման ճանապարհով: Եվ Մեծ Բրիտանիայի ոչ մի վարչապետ երբեք չի կարող դրան համաձայնել»,-նշել է նա: Փետրվարի 28-ին ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը:

Այն Բրյուսելում տարածել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը եւ ճեպազրույցում ներկայացրել է ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն: «Խոսքը վերաբերում է համաձայնագրի նախագծին: Մենք այս իրավաբանական տեքստն ընթացիկ պահից կքննարկենք ԵՄ-ի 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) եւ Եվրախորհրդարանի հետ: Մենք պետք է բոլոր բանակցություններն ավարտենք աշնանը, որպեսզի հասցնենք համաձայնագիրը վավերացնել ժամանակին»,- հայտարարել է Բառնիեն:

«Եվրամիությունից եւ Ատոմային էներգետիկայի գծով եվրոպական հանրակցությունից Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը» բովանդակում է 111 էջ եւ ամփոփում է Բրյուսելի եւ Լոնդոնի բանակցությունների՝ դեկտեմբերին ավարտված առաջին փուլի արդյունքները.

Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի երկրներից եւ հակառակ ուղղությամբ գաղթածների իրավունքների երաշխիքները, Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի բաց կարգավիճակը, Brexit-ից հետո Լոնդոնի ֆինանսական վճարումները: Սա Եվրամիությունից պետության դուրս գալու վերաբերյալ պատմության մեջ առաջին համաձայնագիրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել