168.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները փորձում էր վնաս հասցնել Իրանին, բայց նրա գործողություններն արդյունք չտվեցին: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Բենդեր-Աբաս քաղաքում:

«Դուք արդեն մեկ ամիս չէ, որ վկաներն էիք այն բանի, թե ինչպես էր ԱՄՆ-ը փորձում վնաս հասցնել մեր երկրին, բայց նրա փորձերը ձախողվեցին»,-ասել է նա: Նախագահը նաեւ նշել է, որ Իրանն օտարերկրյա ուժերի օգնության կարիքը չունի Պարսից ծոցի պետությունների անվտանգությունն ապահովելու համար: «Մենք պատրաստ ենք մեր բարեկամների ու հարեւանների հետ աշխատել առանց մեր գործերին օտարների միջամտության,-նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:-Մենք լավ հարեւաններ ենք Պարսից ծոցի երկրների համար, եւ մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր տունը»:

Ինչպես ընդգծել է Ռոուհանին, «Իրանը երբեք թույլտվություն չի խնդրել ու չի խնդրի, որպեսզի սեփական հրթիռներ, ինքնաթիռներ, տանկեր եւ ռազմական այլ տեխնիկա կառուցի իրեն եւ ամբողջ տարածաշրջանը պաշտպանելու համար»: Թեհրանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների համատեքստում նա հիշեցրել է, որ «ԱՄՆ-ի ղեկավարությունը անտրամաբանական հայտարարություն է արել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին, որը վերաբերումէ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին: Ռոուհանին նշել է, որ «Իրանը կշարունակի գործել իր ազգային շահերին համապատասխան»: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱԱՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել