Տունս փոխեցի... Մասիվի առաջին հարկից տեղափոխվեցի Կոմիտաս՝ վեցերորդ հարկ...լիֆտ չկա: Մտածեցի` էստեղ կալարեն գան մատաղի փող հավաքող տատիկներ, «Բալա ջան, սոված եմ, կօգնե՞ս» տատիկներ, «էժան զուգարանի թուղթը», «Գորիսի մեղրը», «Լույս և ստվեր» ամսագիրը, Եհովայի վկաները, համեմունքների կոլեկցիան վզից կախած կինը, դատարկ շշեր հավաքող մարդը, «Բիլայնի ու Օրանժի» աղջիկները՝ «ժավելի սպիրտի» ընկերակցությամբ:
Երկու ամիս ա էստեղ եմ ու չկան...չկան ու չկան: Նույնիսկ մի պահ անհանգստացա, բայց արի ու տես, որ Եհովայի վկաները կամիկաձե են և ուզում ա սարի գագաթին ապրես՝ մեկ ա կգտնեն ու կհաղթահարեն բարդ ճանապարհը:
Դուռը բացեցի, տեսնեմ հենց Հենզելն ու Գրեետելն են (էդպես անվանենք), որոնց Մասիվի տանն էի հանդիպել:
-Բարև ձեզ,- ասաց համահունչ դուետը ու մեկը մատաղից ուշացած գառան դեմքով նայեց վրաս ու ավելացրեց ավանդական տողը.
- Մենք եկել ենք, որ ձեզ կանգնեցնենք ճշմարիտ ուղու վրա:
Մյուսը տակավին մանուկ հասակից ձեռք բերած անմեղ հայացքը հառել էր վրաս ու կարծես զգացել էր, որ իմ հետ էլի են գործ ունեցել՝ դեժավյու էր մոտը: Էս անգամ կարճ չկապեցի ու ասացի.
- Դե երդվեք, ինչի կարո՞ղ եք:
ժպտում են.
-Կթողե՞ք գանք ներս...
- Ինչի՞, էստեղից դժվա՞ր ա կանգնեցնել ճշմարիտ ուղու վրա, որ 6 հարկ չեք ալարել ու բարձրացել եք, ուրեմն էստեղից չեք դժվարանա ինձ որտեղ պետք ա էնտեղ էլ կանգնացնել:
Առանց դեմքի միմիկան փոխելու, Հենզելը արագ-արագ ասաց.
- Դուք գիտե՞ք Աստծու անունը, մենք եկել ենք այստեղ, որ Ձեզ հայտնենք այդ անունը, որ Դուք էլ փրկվեք:
- Հարգելի Հենզել, շատ կնեղվե՞ք, որ ես չփրկվեմ... Դուք մի անգամ արդեն եկել եք Մասիվի իմ տուն ու փորձել ցույց տալ ճշմարիտ ուղին՝ չե՞ք զգում, որ հասել եք արդյունքի:
- Բայց Դուք մեզ չլսեցիք էն ժամանակ:
- Հետո ինչ, այդ կախարդական «Մենք եկել ենք, որ Ձեզ կանգնեցնենք ճշմարիտ ուղու վրա» տողը ինձ ստիպեց, որ ես Կոմիտաս փողոցի ճշմարիտ ուղին բռնեմ: Հիմա ես էստեղ շատ լավ եմ ինձ զգում:
- Դուք հա կատակում եք, էն ժամանակ էլ կատակեցիք ու էլի չեք ԼՍՈՒՄ մեզ:
- Դուք «Բիթլզ» խո՞ւմբն եք:
- Ոչ, - զարմացած ասեց Գրետելը:
- Իսկ կարո՞ղ ա «Փինք-Ֆլոյդ» խումբն եք:
- Չէ:
- Հաստատ հայտնի ջազ-բենդերից էլ չեք, չէ՞:
- Իհարկե ոչ:
- Իմ ծնողներն էլ չեք, չէ՞:
Լռում են:
- Ասեք, ասեք...
- Դե չէ, իհարկե չէ:
- Բա ես ինչի պիտի ԼՍեեեե՜Մ ձեզ:
-Բայց Մենք եկել ենք, որ Ձեզ կանգնեցնենք ճշմարիտ ուղու վրա:
Այ էստեղ կացինը գլուխս երկու մասի բաժանեց, ու ես ստիպված էլի ասացի Վարպետի խոսքերը.
-Բայց դուք ո՞նց կարող եք մեզ կանգնեցնել ճշմարիտ ուղու վրա, եթե ինքներդ կանգնած եք подъезд-ում:
Ասացի ու դուռը շատ կոպիտ փակեցի...
Մեկ րոպե էլ չէր անցել, լսեցի` ոնց են թակում կողքի դուռը... Կես րոպե հետո հարևանի դռան ձայնից վեր թռա, ու եթե ես վեր թռա, ուրեմն Հենզելն ու Գրետելը հնարավոր ա և կանտուզիա ստացած լինեն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել