Երեկ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել կառավարության աշխատակիցների հետ, և ինչպես կարդում ենք մամուլում, այդ նիստին մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սարգսյանը նորից գոհ է մնացել կառավարության աշխատանքից՝ նշելով, որ 8 տոկոս տնտեսական աճ ապահովելու բոլոր նախադրյալներն այսօր Հայաստանում առկա են։ Կարեն Կարապետյանի՝ Հայաստան գալուց հետո շատ է խոսվում նրա ու Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունների մասին, սակայն ամեն անգամ գործող երկու պաշտոնյաներն իրենց հրապարակային խոսքում հերքում են դրա մասին։ Եթե Կարապետյանը հաջողել է տնտեսության մեջ՝ ըստ նախագահի, ուրեմն՝ նշանակում է, որ Կարեն Կարապետյանը շարունակելու է նաև ապրիլից հետո պաշտոնավարել, թե ինչ կարգավիճակով՝ առայժմ հայտնի չէ։ Սակայն այդ դեպքում ապրիլից հետո ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը, ով կարծես ոչ մի կերպ չի ուզում զիջել քաղաքական թատերաբեմը։ Սա ավելի է խորացնում այն թնջուկը, որ այսօր առկա է մեր հասարակության մեջ։ Չի բացառվում, որ ոչ մի տարաձայնություն էլ չկա պետական ապարատում դերերի բաշխվածության առումով։ Միգուցե ինքը՝ Սերժ Սարգսյանը, չգիտի, թե ուր է լինելու ապրիլից հետո, սակայն դա մի քիչ դժվար հավատալի է։ Հասկանալի է, որ նա իրավիճակային խաղացող է, ինչի մասին բազմիցս է հայտարարել, սակայն հավատալ, որ պետության ապագա ղեկավարի, ասել է, թե՝ իր դերը թողնել բախտի քմահաճույքին, իրավիճակին, մի քիչ դժվար է։

Այս առումով փոքր-ինչ տարօրինակ է դառնում վերջին շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունների բովանդակությունը։ Նա հայտարարել էր, որ դեմ չէ լինել երկրի վարչապետ, նախագահն էլ կարծես դրվատանքով է խոսում վերջինիս հասցեին։ Նշանակում է, որ, անկախ նրանից, որ Կարապետյանի գլխավորած կառավարությունը տնտեսական դրական արդյունքներ է ցույց տալիս, միևնույն է, ապագա վարչապետն այսօրվա վարչապետից շատ ավելի քաղաքական պաշտոն է լինելու, իսկ այդ դերին Կարապետյանը չի ձգում, որովհետև դեռ աճելու շատ տեղ ունի որպես քաղաքական գործիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել