Armtimes.com-ը գրում է.

Համացանցում լուրեր են պտտվում, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի արդյունքները անարդարացի են, իսկ Սևակի հաղթանակը՝ նախապես որոշված: Նման կարծիք շատերի մեջ առաջացրել է Մգեր Արմենիայի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի այն հայտարարությունը, որ Սևակի պրոդյուսերի պայուսակում շամպայնի շիշ է եղել:

Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղկատվության՝ Սևակը, ի պատասխան շամպայնի շշի մասին հայտարարությունների՝ Մգեր Արմենիայի պրոդյուսերին արձագանքել է. «Որոշված լիներ, թող քո տաղանդը գոնե 5 միավոր հավաքեր, այլ ոչ թե 1»: Նշվում է, որ այս խոսքերը դուր չեն եկել Մհերին եւ վերջինս հակադարձել է Սևակին, անվանելով նրան «Ծախված»: Լրատվամիջոցները պատճառներից գլխավորը համարում են Մգեր Արմենիայի պրոդյուսերի՝ տարբեր կայքերով հարցազրույցներ տալը, որն իր խոսքում Սևակի հաղթանակը բազմիցս կասկածի տակ է առել:

Այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մգեր Արմենիայի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը հերքեց լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը՝ ասելով. «Մհերը համացանցում տարբեր տեղերով շնորհավորել է Սևակին հաղթանակի առիթով եւ ասել, որ Հայաստանը պետք է պատվով ներկայացվի Եվրոպայում: Նշեմ, որ իրենք միմյանց լավ չէին ճանաչում՝ ծանոթացել են «Եվրատեսիլ»-ի շրջանակներում եւ նրանց ծանոթացրել է Կամիլը՝ Արսեն Գրիգորյանը»,-ասաց Մգեր Արմենիայի պրոդյուսերը:

Լուսանկարում՝ Սևակ Խանաղյանը,Կամիլը եւ Մգեր Արմենիան

Նա նշեց, որ ինքն անգամ  չի ճանաչում Սևակի պրոդյուսերին, միայն գիտի, որ անունը Վիկա է. «Ես ընդամենը իմ ինտերվյուներում նշել եմ, որ վիդեոներում էլ ակնհայտ երևում է, որ Սևակի մարդիկ շամպայններով էին եկել, իսկ թե դա ինչ է նշանակում, թող լրագրողները որոշեն, թող մնացած մարդիկ դատեն: Ինչքան էլ որ ես մտածում էի, որ իմ երգիչը՝ Մգեր Արմենիան կարող է հաղթել, միևնույն է՝ ես այդ աստիճանի պատրաստված չեմ գնացել, որ ինձ հետ շամպայն տանեմ»:

Գեորգի Հարությունյանը այս տարվա «Դեպի Եվրոտեսիլ»-ը որակեց  որպես «Քոմեդի քլաբ» եւ չցանկանալով մանրամասնել ասաց, որ ենթադրությունները թողնում է եվրատեսիլյան հանդիսատեսին եւ առհասարակ հասարակությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մգեր Արմենիայի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում պրոֆեսիոնալ ժյուրին երգչին 1 է գնահատել՝ նրան վիրավորելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել