ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իսրայելում սեփական դեսպանատունը մինչև ս.թ. մայիս Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ որոշման բարձրաձայնումից հետո իսրայելական կողմից Վաշինգթոնի համար ավելի մեծ վատություն, քան Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի շուրջ ստեղծված ճգնաժամն է, հազիվ թե հնարավոր լիներ անել:

Բանն այն, որ մի կողմից Երուսաղեմի քաղաքապետարանի և կառավարության միջև ծագած ֆինանսական խնդիրները, մյուս կողմից՝ Սուրբ քաղաքում անշարժ գույք ձեռք բերած բազմաթիվ իսրայելցիների դժգոհությունները ժամանակային առումով համընկան Իսրայելի համար հույժ կարևոր և սպասված գործընթացի մեկնարկի հետ, որը հավելյալ խնդիրներ է առաջացնում նախ Իսրայել պետության, ապա նաև ԱՄՆ-ի իշխանությունների համար՝ կարծես գուժելով այն հիմնախնդիրների մասին, որ բարձրաձայնվել են Սպիտակ տան որոշմանը դեմ բազմաթիվ երկրների ներկայացուցիչների կողմից, ընդ որում՝ ինչպես իսլամադավան, այնպես էլ քրիստոնյա բնակչություն ունեցող:

Ուստի պատահական չէ, որ Երուսաղեմի քրիստոնյա համայնքների առաջնորդների կողմից Սուրբ Հարության տաճարի դռները փակելու որոշումից հետո, որը շարունակվում է գործել ցայժմ, խնդիրը հայտնվել է միջազգային քաղաքական և կրոնական օրակարգում, որն արտահայտվել է տարբեր բնույթի գործիչների հայտարարությունների տեսքով:
Սուննի մուսուլմանների կարևորագույն կրոնական հաստատության՝ Կահիրեի ալ-Ազհար համալսարանի մեծ մուֆթի Ահմադ ալ-Տայիբը նշել է, որ Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից քրիստոնեական եկեղեցիների սեփականության վրա քաղաքային հարկ կիրառելու որոշման և նմանատիպ գործողությունների նպատակը, ինչպես քրիստոնյա, այնպես էլ մուսուլման պաղեստինցի ազգաբնակչության վտարումն է քաղաքից: «Երուսաղեմին հրեական բնույթի պարտադրումը կապված է քաղաքը սիոնիստական կազմավորման մայրաքաղաք ճանաչելու անարդարացի որոշման հետ»,- նշել է Ալ-Տայիբը՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ միջամտել խնդրին և ապահովել կրոնների ազատությունը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս իր մտահոգությունն է հայտնել ստեղծված խնդրի կապակցությամբ և հիշեցրել, որ Սուրբ քաղաքը հանդիսանում է 3 միաստված կրոնների կենտրոնը, և անհրաժեշտ է պաշտպանել նրա հատուկ կարգավիճակը:
Չնայած վերոնշյալ, ինչպես նաև բազմաթիվ այլ դժգոհություններին, Սուրբ Հարության տաճարի խնդիրը շարունակվում է չլուծված մնալ՝ իր վրա սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել